Միայն իրավիճակի ճիշտ ախտորոշման և ամբողջական ներկայացման դեպքում է հնարավոր վերսկսել իրական պայքարը հանուն Արցախի․ Արշավիր Ղարամյան
Արցախի ԱԱԾ նախկին ղեկավար, Արցախի ԱԽ նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը վստահ է՝ Արցախի ժողովրդին ստեղծված իրավիճակն անհրաժեշտ է ներկայացնել այնպես, ինչպես այն կա իրականում, ոչ թե այնպես, ինչպես ցանկալի է տեսնել։
«Արցախում նախագահի հրաժարականի հայտարարությունից հետո, հաշվի առնելով օրենսդրության անկատար լինելը և պատերազմի ժամանակ ու պատերազմից հետո տեղի ունեցած գործընթացները, ստեղծվել է մի վիճակ, երբ ցանկացած նոր իշխանություն կարող է սկզբնական շրջանում լեգիտիմության և պատշաճ հանրային վստահության խնդիր ունենալ, որն էլ իր հերթին հղի է իրավիճակի հետագա վատթարացման և անկանխատեսելի հետևանքների ռիսկով:
Հաշվի առնելով վերոշարադրյալը՝ նոր ձևավորվելիք իշխանության լեգիտիմության բնական պակասը լրացնելու, իշխանության և հանրության միջև փոխվստահություն ամուր հիմքեր ձևավորելու և բացասական հետևանքներից խուսափելու համար անհրաժեշտ է անմիջապես ժողովրդին ներկայացնել ստեղծված իրավիճակն այնպես, ինչպես այն կա իրականում, այլ ոչ թե այնպես, ինչպես ցանկալի է տեսնել։
Միայն իրավիճակի ճիշտ ախտորոշման և ամբողջական ներկայացման դեպքում է հնարավոր վերսկսել իրական պայքարը հանուն Արցախի»,- գրել է Արշավիր Ղարամյանը։