«Վճռականություն կա, որ ոչ մի պայմանով չպետք է որևէ բեռ մտնի Արցախ». Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի քարտուղար
Օգոստոսի 29-ից Ադրբեջանը, որպես «բարի կամքի» դրսևորում, հայտարարեց, թե «հումանիտար» բեռ կուղարկի Արցախ՝ Ակնա-Ստեփանակերտ ճանապարհով, ինչին դեմ արտահայտվեց արցախահայությունը՝ փակելով ճանապարհի Ասկերանի հատվածը։ Ադրբեջանն այս բեռները հասցրեց Ակնա, իսկ Ալիևի օգնականն առաջ քաշեց հերթական նախապայմանը՝ ասելով, որ եթե Ակնա-Ստեփանակերտ ճանապարհը բացվի, 24 ժամվա ընթացքում կբացվի նաև Բերձորի միջանցքը։ Այս ամենին ի պատասխան՝ արցախահայությունը հայտարարեց, որ լավ է ճանաչում Ադրբեջանին, նրան չի վստահում և խաղաղ բնակիչների նկատմամբ ահաբեկչություն իրականացնող երկրից օգնություն որևէ դեպքում չեն ընդունելու։
168.am-ի հետ զրույցում Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարի քարտուղար Անահիտ Պետրոսյանն ասաց, որ Արցախի տարբեր շրջանների բնակիչներն ասկերանցիների հետ շարունակում են փակ պահել ճանապարհը՝ վճռական են։
«Երեկ ադրբեջանցիները փորձել են ռուս խաղաղապահների միջոցով այդ բեռները մտցնել Ասկերան, սակայն ժողովուրդը կտրուկ մերժել է։ Նրանք միաբերան հայտարարեցին՝ այդ ալյուրի կարիքը չունեն, Ադրբեջանն այսօր ցեղասպանություն է անում Արցախում, հետևաբար՝ ցեղասպանի ձեռքից հաց չեն ընդունի։ Երեք օր է՝ մեր տղամարդիկ գիշերում են այդ ճանապարհի մոտ, որպեսզի թույլ չտան որևէ կերպ այդ բեռը մտնի Արցախ։ Ցերեկները կանայք ևս միանում են տղամարդկանց։
Ընդհանուր վճռականություն կա, որ ոչ մի պայմանով չպետք է որևէ բեռ մտնի Արցախ»,- նշեց Անահիտ Պետրոսյանը։