Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պրակտիկ իրացումն այլևս ժամանակի և տեխնիկական հարց է․ Ղազինյան
ԱԺ նախկին պատգամավոր, «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը, անդրադառնալով Արցախում ու Արցախի շուրջ կատարվող իրադարձություններին, գրում է.
«Պուտին - Էրդողան հանդիպմանն ընդառաջ Արցախում տեղի են ունենում բեկումնային իրադարձություններ և արմատական վերադավորումներ:
Մասնավորապես.
1. Արցախի ռուսական համայնքը ինքնակազմակերպվում և հայտարարում է, որ Արցախը չի կարող լինել ադրբեջանի կազմում,
2. Արցախի նախագահը հրաժարական է ներկայացնում և պետնախարարի պաշտոնում նշանակում է Արցախի ԱԽ քարտուղարին` վերջինիս շնորհելով լայն լիազորություններով,
3. Փոխվում է ՌԴ խաղաղապահ կորպուսի հրամանատարը,
4. Խաղաղապահների կողմից արգելափակվում է Ակնայից Ստեփանակերտ տանող ճանապարհը` փաստացի արգելելով ադրբեջանական «հումանիտար», իսկ իրականում ցեղասպան բեռի մուտքը Արցախ,
5. Ֆրանսիական հումանիտար օգնությունը Փարիզի քաղաքապետի ուղեկցությամբ հասնում է Կոռնիձոր, ինչ ուղեկցվում է «Արցախ» ցուցանակով և Արցախի ինքնորոշման իրավունքի մասին հայտարարություններով:
Այսքանը միայն տեսանելի և հանրային տարածում գտած իրադարձություններն են ու պետք է գուշակել, թե որքան են գաղտնի և ետնաբեմային գործընթացները:
Ինչպես կասեր հայտնի հաղորդավարը. Совпадение? Не думаю.
Հ.Գ. Արցախի ժողովուրդը պատվով և բարձր հայկական արժանապատվությամբ օր օրի վաստակում է իր ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, որից հետո դրա պրակտիկ իրացումն այլևս ժամանակի և տեխնիկական հարց է:
Հ.Հ.Գ Իսկ թե ինչ հետևանք կունենա Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու իրացումը ալիևի ռեժիմի ու ադրբեջանի համար, արդեն առանձին ու ավելի հետաքրքիր պատմություն է»։