Ձեր խոսքերն էլ ե՞ն գերության մեջ. ասելիքս շատությունից խեղդում է. Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրել է.
«Ձեր խոսքերն էլ ե՞ն գերության մեջ...
Ասելիքս շատությունից խեղդում է, խոսքերս ատոմային ռումբի նման պայթում են՝ ներս: Մեզ Տրոհում են: Ատոմում էլեկտրոնները ՄԻՋՈՒԿԻ հետ կապված են էլեկտրամագնիսական ուժի միջոցով։
Մեր էդ ԿԱՊՈՂ ՈՒԺՆ ու՞ր կորավ: Ախր Բնության մեջ ոչինչ չի կորչում անհետ: Խեղդել ենք մեր ուժը. հուսահատությամբ ենք խեղդել: Ատոմի տրոհումը երբեք էլ լավ բանի չբերեց: Հայը՝ ատոմ է. նրա տրոհումը աշխարհը չի մարսելու:
Հեղեղ պիտի դառնայինք. ժողովուրդ-հեղեղ, ու մաքրեինք, ջարդեինք մեզ անջատող «կամուրջները»՝ կեղծ, թշնամական ու անջատող: Հեղեղված ժողովրդի դեմ ո՞վ կարող է. ոչ ոք. փաստերը կան....2 կես արած մարմնի պես իրար պիտի ձգտեինք՝ Արցախ ու Հայաստան.կիսված սիրտը ո՞նց կապրի ... «կամրջից» էս կողմ լինի,թե էն կողմ...չէ, չի ապրի! ՍՐԲԵԻՆՔ մեր միջից ԱՆԿԱՐՈՂՈՒԹՅԱՆ էն թույնը, որ ներարկում են զոռով,իբր անտարբերության՝ էս փտած ասֆալտը քանդեինք ու ցույց տայինք մեր ԾՈՎ էությունն էլ, ՓՈԹՈՐԿՈՏ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ, ՀԱՎԱՏՔՈՎ ամուրն ու ՀԱՅՐԵՆԻՔ ունենալու իրական կամքն էլ... ցավից լռված ամեն մեկն իր կյանքի փոսից, փոշոտ տնից կամ քաղաքի չփակած դիտահորից դուրս գար, Հայաստանի բոլոր «իջանցքներից» ժողովուրդը հեղեղի պես հասներ ՄԻՋԱՆՑՔ... Բեր Ձոր.էդ ձորը լցներ իր ներկայությամբ, սիրով, իրար ձեռք ձեռքի տային ու միասին( երանելի բառ) հեղեղի պես մաքրեին ատելությունն ու թշնամանքը՝ ներսից ու դրսից, մաքրեին մեկընդմիշտ՝ վախերը թողնելով ճամփեքին...որպես անցյալի սխալների մանրադրամ: 263 օր կամ մի հավերժություն Արցախի կյանքի երակը սեղմել են...120 հզ ՀՈԳԻ, ՀՀ քաղ- ցի՝ Արցախում. սովի ու անտարբերության դեմ՝ միայնակ պայքարում:
Չքնող, հացի հերթում արևածագը դիմավորող ու գիշերը նորից հերթագրվող, վաղվա օրվա հաշիվը կորցրած, բայց չհանձնվող Արցախցին: Փառասեր ու երբեմնի սիրունը՝ Երևանը, լի սեղաններով...բայց սոված՝ հոգու սովով, իր կնճիռները աննպատակ շինարարության հավերժական, խեղդող ԴԻՄԱփոշու մեջ կոծկած... ցավերը քաղաքի աղմուկի ու արհեստական ծիծաղի մեջ թաղած... մահացու հիվանդի պես,որ կյանքից վերջին ժամերն է ագահի նման խլում... խմում...ջուր է պետք.մաքուր սիրտ ու ջուր.սկզբում պղտորված հեղեղատներով՝ հետո մաքրված աղբյուրներով...որ պատմությունը պահեն իրենց մեջ ու բուժեն. Ան ա պատ, առանց «պատերի» երկիր, առանց «սահմանի» (անսահմանի հետ չշփոթեք հանկարծ),առանց առանցքի. առանց արժեքի... հեղեղ դառնայինք՝ ՍԻՐՈ ՈՒ ԿՅԱՆՔԻ...»։