Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ուոլեսը հրաժարական է տվել
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հրաժարական է տվել չորս տարի պաշտոնավարելուց հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Բեն Ուոլեսի հրաժարականի դիմումը և Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի պատասխան նամակը հրապարակվել են Բրիտանիայի կառավարության կայքում։
«Երկար մտորումներից հետո ես որոշում ընդունեցի պաշտոնը թողնելու թույլտվություն խնդրել»,- ասվում է պաշտոնական նամակում, որն Ուոլեսն ուղարկել է Սունակին:
Մեծ Բրիտանիայի վարչապետն ընդունել է պաշտպանության նախարարի հրաժարականը՝ բարձր գնահատելով նրա ծառայությունը երկրին։
Ուոլեսը բրիտանական պաշտպանական գերատեսչության ղեկավար է նշանակվել 2019 թ.-ին՝ Բորիս Ջոնսոնի իշխանության գալուց հետո։
Հուլիսին Times թերթին տված հարցազրույցում Ուոլեսը հաստատել էր աշնանը պաշտոնը թողնելու և քաղաքականությունից հեռանալու իր մտադրությունը՝ բրիտանական կաբինետում ծրագրված վերադասավորումների ընթացքում: Նա հայտարարել էր, որ նախարարի պաշտոնը թողնելուց հետո ցանկանում է վերադառնալ քաղաքականությունից ու պաշտպանությունից հեռու կյանքին և ուրախ կլիներ աշխատել բարում։