Հայաստանի ու Տրինիդադ եւ Տոբագոյի միջեւ հաստատվեցին դիվանագիտական հարաբերություններ
Օգոստոսի 29-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության եւ Տրինիդադի եւ Տոբագոյի Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու արարողությունը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԳՆ-ից։
ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը եւ Տրինիդադ եւ Տոբագոյի մշտական ներկայացուցիչ Դեննիս Ֆրենսիսը ստորագրեցին երկու երկրների միջեւ «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին» համատեղ հայտարարությունը։
Ստորագրման արարողությանը նախորդած զրույցի ընթացքում կողմերն անդրադարձան երկրների միջեւ փոխշահավետ հարաբերությունների զարգացմանը եւ միջազգային հարթակներում՝ մասնավորապես ՄԱԿ շրջանակներում առկա համագործակցության առավել խորացմանը։
Դեսպան Մարգարյանը շնորհավորեց Տրինիդադ եւ Տոբագոյի մշտական ներկայացուցչին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի առաջիկա 78-րդ նստաշրջանի նախագահ ընտրվելու կապակցությամբ՝ վերջինիս մաղթելով հաջողություն նախագահության ընթացքում։