Հայաստանն ու Հնդկաստանը նախանշվել են երկու երկրների միջև ռազմարդյունաբերության ոլորտի գործակցության հնարավորությունները
Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը օգոստոսի 30-ին ընդունել է Հնդկաստանի Հանրապետության ազգային պաշտպանական քոլեջի պատվիրակությանը՝ Ազգային մասնագիտական դասակարգման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիայի գլխավորությամբ։
Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԲՏԱ նախարարության տարածած հաղորդագրությունից, Ռոբերտ Խաչատրյանը ողջունել է ներկաներին, ընդգծել, որ մեծ պատիվ է նման ներկայացուցչական պատվիրակության այցը մեր երկիր, որից հետո մանրամասնել է նախարարության գործունեության շրջանակներն ու ուղղությունները։
Ռոբերտ Խաչատրյանը նշել է, որ նախարարության ռազմավարական նպատակներից մեկը Հայաստանի ռազմարդյունաբերության զարգացումն է՝ տեխնոլոգիական ժամանակակից մշակումների հիման վրա։
Սուկրիտի Սինգհ Դահիան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, ներկայացրել պատվիրակության կազմը, խոսել երկու երկրների միջև պատմական կապերի մասին և հույս հայտնել, որ Հայաստանի և Հնդկաստանի միջև ռազմարդյունաբերության ոլորտի համագործակցությունը կզարգանա։
Հանդիպումն անցել է ակտիվ քննարկման, հարց ու պատասխանի ձևաչափով, որի ընթացքում նախանշվել են երկու երկրների միջև ռազմարդյունաբերության ոլորտի գործակցության հնարավորությունները։
Ազգային ռազմական կրթարանի բազմազգ պատվիրակությունը խոսել է կարողությունների զարգացման և բարձր տեխնոլոգիական արդյունաբերության կարևորության մասին։
Ընդունելության շրջանակներում տեղի է ունեցել նաև Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտի արտադրանքի ու մշակումների ցուցադրություն։