Կրեմլում հայտնել են, որ Պրիգոժնի ինքնաթիռի կործանումը կարող էր «կանխամտածված» լինել
«Վագներ» մասնավոր ռազմական ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինի ինքնաթիռի կործանման հետաքննության վերաբերյալ եզրակացություններ առայժմ չկան, սակայն վարկածների թվում դիտարկվում է նաև «կանխամտածված չարագործությունը»։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС-ից, այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ակնհայտ է, որ կան, քննարկվում են տարբեր վարկածներ, որոնց թվում է նաև այն վարկածը, գիտեք՝ ինչի մասին է խոսքը, այսպես ասենք՝ միտումնավոր չարագործությունը և այլն», - ասել է Կրեմլի խոսնակը։
Միաժամանակ Պեսկովը հորդորել է սպասել հետաքննության արդյունքներին, որը վարում է ՌԴ քննչական կոմիտեն։
«Embraer-135» բիզնես-ջեթը Տվերի մարզում կործանվել էր օգոստոսի 23-ի երեկոյան՝ Մոսկվայից Սանկտ Պետերբուրգ թռչելիս։ Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտարարել է, որ նույնականացվել են ինքնաթիռի կործանման հետևանքով զոհված անձնակազմի 3 անդամները և 10 ուղևորները, որոնց թվում էր նաև «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը։