Տաջիկստանում անձրևների հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի
Տաջիկստանում հորդառատ անձրևների և սելավների հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին ТАСС-ին հայտնել են Տաջիկստանի կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության կոմիտեի (ԱԻԿ) մամուլի ծառայությունում։
«21 զոհ, 17-ը՝ Վահդաթում, 2-ը՝ Ռուդակիում, 2-ը՝ Վարզոբում», - հայտնել է ԱԻԿ-ի մամուլի կենտրոնի ղեկավար Ումեդա Յուսուֆին։
Նա հավելել է, որ գերատեսչության աշխատակիցները շարունակում են փրկարարական աշխատանքները։
Օգոստոսի 27-ին և 28-ին Տաջիկստանում տեղացել են հորդառատ անձրևներ, որոնք առաջացրել են հեղեղումներ, սելավներ և քարաթափումներ։ Սկզբնապես հայտնի էր դարձել տարերային աղետի 13 զոհի մասին, այնուհետև՝ 17։ Կոմիտեի տվյալներով՝ հանրապետության տարածքում տարերային աղետի հետևանքով վնասվել են տներ, մեքենաներ, կամուրջներ, ինչպես նաև ջրի տակ են անցել տնամերձ հողամասեր: