ՌԴ շախմատի հավաքականի անդամը Սևան քաղաքում միաժամանակյա խաղ է անցկացրել տեղի շախմատիստների հետ
Ռուսաստանի Դաշնության շախմատի հավաքականի անդամ, 1-ին կարգի շախմատիստ Արտյոմ Մամիկոնյանը «Ռոսսոտրուդնիչեստվո» կազմակերպության նախաձեռնությամբ ու Սևանի համայնքապետարանի հետ համագործակցությամբ Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատում միաժամանակյա խաղ է անցկացրել սևանցի շախմատիստների հետ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, ՌԴ և ՀՀ քաղաքացի 10-ամյա Արտյոմ Մամիկոնյանը միաժամանակ մրցել է Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի շախմատի խմբակի/մարզիչ` Աշոտ Վարդանյան/ իր հասակակից 10 շախմատիստի հետ։
Հետաքրքիր ու գրավիչ պայքար է ծավալվել, որի արդյունքում Սևանի տասը շախմատիստներից երկուսը գրանցել են մեկ հաղթանակ և մեկ ոչ ոքի: Հաղթող է ճանաչվել Արթուր Վիրաբյանը, ոչ ոքի է գրանցել Լևոն Վարդանյանը:
Տպավորիչ խաղ են ցուցադրել Կամիլա Դավթյանը և Նոնա Մկրտչյանը:
Պատանի շախմատիստները ստացել են խրախուսական հուշանվերներ։
Շախմատային հանդիպումից հետո նախատեսված էր բացօթյա կինոդիտում։ Պայմանավորված եղանակային ոչ բարենպաստ պայմաններով` Նիկիտա Միխայլկովի կինոստուդիայում նկարահանված «ТриТэ» եւ «Чемпион мира» ֆիլմերը ցուցադրվել են Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի դահլիճում: