Բեյկերի կիստա. առաջացման պատճառները, բարդություններն ու բուժումը
Բեյկերի կամ ծնկափոսային տարածության կիստան ծնկան հետևում հեղուկով լցված գոյացություն կամ այտուց է:
Այն սովորաբար առաջանում է՝ պայմանավորված ծնկան հոդի ավելցուկային հեղուկով: Հեղուկի քանակի ավելացման հետևանքով վերջինս ճնշում է հոդաշապիկի հետին պատը և առաջացնում ճողվածք՝ հեղուկով լցված պարկ կամ կիստա:
Aysor.am-ի փոխանցմամբ՝ Բեյկերի կիստան կարող է ուղեկցվել ծնկան հոդի բորբոքմամբ կամ փափուկ վնասումով, ինչպիսին է հոդաշապիկի պատռվածքը:
Բեյկերի կիստայի ախտանիշները
Եթե կիստան փոքր է, հնարավոր է չնկատել այն: Հակառակ դեպքում արտահայտվում է ցավ, ծնկան հետևում այտուցվածություն կամ ուռուցքանման գոյացություն, ոտքն ուղղելիս կամ լրիվ ծալելիս ճնշում կամ ծնկան հոդի կարկամություն: Գանգատները կարող են սաստկանալ երկար ժամանակ կանգնած մնալուց կամ ոտքերի ֆիզիկական ծանրաբեռնվածությունից հետո:
Բեյկերի կիստայի բարդությունները
Հազվադեպ Բեյկերի կիստան կարող է վարակվել կամ աճել-մեծանալ: Չափերով մեծացած կիստան կարող է մաշկի տակ պատռվել՝ պատճառելով ցավ և ծնկան այտուց: Նման դեպքերում սինովյալ հեղուկը կարող է հոսել ներքև՝ դեպի սրունք: Նման դեպքերում գուցե առաջանա ծանր խնդիրներ, օրինակ՝ արյան մակարդուկ (խորանիստ երակների թրոմբոզ):
Բեյկերի կիստայի ախտորոշումը
Բեյկերի կիստան հաճախ ախտորոշվում է ծունկը զննելով և աճառային շրջանը լամպով լուսավորելով: Բժիշկը կարող է առաջարկել հոդի գերձայնային հետազոտություն (սոնոգրաֆիա) կամ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա (ՄՌՏ):
Բեյկերի կիստայի բուժումը
Եթե երեխան ունի անցավ Բեյկերի կիստա, բժիշկը կարող է որևէ բուժում չառաջարկել, քանի որ կիստաների մեծ մասն առանց բուժման ինքնուրույն անհետանում է:
Չափահասները կարող են մեղմացնել ցավերը տեղային սառցեպարկով կամ որևէ ոչ ստերոիդ հակաբորբոքային դեղամիջոց ընդունելով: Ցավը կարող է նաև մեղմանալ ֆիզիկական ակտիվությամբ, ինչպիսիք են քայլքը կամ լողը:
Սննդային և այլ հավելումները կամ ծնկային ֆիքսատորները քիչ հավանականությամբ կարող են օգտակար լինել:
Եթե կիստան խիստ մեծացել է կամ անհանգստություն է պատճառում, բժիշկը կարող է գերձայնային ուղղորդմամբ դատարկել բուշտի պարունակությունը: Նման դեպքերում ախտանիշները կտրուկ բարելավվում են, և կիստայի կրկնակի ձևավորումը դառնում է քիչ հավանական: Նույն կերպ, բժիշկը կարող է առաջարկել գերձայնային ուղղորդմամբ լազերային աբլացիա (լազերային զոդում):
Եթե կիստայի առաջացումը կապված է հոդաբորբի (արթրիտ) կամ ծնկան վնասվածքի հետ, դրանց բուժումը կարող է օգնել կիստայի հետ կապված գանգատների մեղմացմանը:
Որոշ մարդկանց մոտ, այնուամենայնիվ, կարող է առաջանալ վիրահատական միջամտության կարիք, օրինակ՝ պատռված աճառի վերականգնում: Զուտ կիստայի հեռացնելը քիչ օգտակար է, քանի որ այն կարող է կրկնվել՝ քանի դեռ պատճառը չի վերացվել: