Կիսիդան Զելենսկիին խոստացել է շարունակել Ուկրաինային աջակցության տրամադրումը
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան հեռախոսով բանակցություններ է վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ և նրան հավաստիացրել, որ Տոկիոն կշարունակի աջակցել Կիևին Ռուսաստանի դեմ պայքարում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։
Հեռախոսազրույցից հետո Կիսիդան լրագրողներին ասել է, որ Զելենսկին շնորհակալություն է հայտնել Ուկրաինային օգնելու Ճապոնիայի ջանքերի համար։
Վերջին անգամ Կիսիդան և Զելենսկին շփվել են հուլիսի վերջին Վիլնյուսում՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, սակայն այն ժամանակ կողմերին չի հաջողվել լիարժեք բանակցություններ վարել՝ ժամանակացույցի հետ կապված խնդիրների պատճառով։
Մինչ այդ երկու երկրների ղեկավարներն անձամբ հանդիպել են մայիսի վերջին Հիրոսիմայում, որտեղ Կիսիդան Զելենսկիին ասել էր Ճապոնիայի ինքնապաշտպանության ուժերի մոտ 100 փոխադրամիջոց մատակարարելու մասին։