Վահե Ղազարյանը հետևել է ոստիկանների ատեստացիայի ֆիզիկական պատրաստության ստուգման գործընթացին
Օգոստոսի 29-ին ՆԳՆ կրթահամալիրում կայացել է ոստիկանության ծառայողների ատեստացիայի ֆիզիկական պատրաստության ստուգման փուլը, որին հետևել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Վահե Ղազարյանը ՆԳ նախարարության և ոստիկանության ղեկավարության ուղեկցությամբ եղել է մարզասրահում և վազքուղում։ Նա հետաքրքրվել է ինչպես ֆիզիկական պատրաստության, այնպես էլ ատեստացիայի ընդհանուր գիտելիքների ստուգման փուլի ընթացքով և հաջողություն մաղթել ոստիկաններին։ Հայտնել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։
Ֆիզիկական պատրաստության ստուգման փուլին նախորդել էր ընդհանուր գիտելիքների ստուգումը: Եվ այն ծառայողները, որոնք դրական արդյունքներ էին ցույց տվել առաջին փուլում՝ հնարավորություն են ստացել մասնակցելու այս ստուգմանը։ Ատեստացիայի ողջ գործընթացը տեսանկարահանվում է։
Հիշեցնենք, որ ոստիկաններն ունեն երեք տարի՝ ատեստացիա անցնելու համար: Ատեստացիան բաղկացած է մի քանի փուլից. ընդհանուր թեստավորման փուլ, ստուգարք՝ ֆիզիկական և կրակային պատրաստականությունից, վերջում՝ մասնագիտական թեստավորում, իսկ գլխավոր ու բարձրագույն խմբերի դեպքում՝ նաև հարցազրույց հոգեբանի մասնակցությամբ։ Նշված ողջ գործընթացից հետո, ըստ արձանագրած ցուցանիշների, կբարձրանան ծառայողների սոցիալական երաշխիքները։
ՆԳՆ կրթահամալիր կատարած այցի ընթացքում Վահե Ղազարյանը եղել է նաև Շահամիր Շահամիրյանի անվան նորակառույց դահլիճում, ծանոթացել պայմաններին։ Նախարարը հետևել է նաև Պարեկային ծառայությունում պաշտոնի նշանակվելու նպատակով կրթահամալիրում ուսուցման համար ընդունելություն-մրցույթի դիմումների ընդունմանն ու զրուցել դիմորդների հետ։