Իրանում հնարավոր են համարել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում ԳՀՀԾ-ի շուրջ բանակցությունների անցկացումը
Իրանը հնարավոր է համարում սեպտեմբերին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի առաջիկա նստաշրջանի շրջանակներում իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերականգնման շուրջ բանակցությունների անցկացումը: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այս մասին հայտարարել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
«ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի առաջիկա նստաշրջանը լավ հնարավորություն է (խմբ․՝ ԳՀՀԾ-ի շուրջ) դիվանագիտական բանակցությունների համար», - նշել է Քանաանին։
Նա հիշեցրել է, որ 2022 թ.-ին Գլխավոր վեհաժողովի շրջանակներում իրանական կողմն անուղղակի բանակցություններ է վարել ԱՄՆ-ի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև ԳՀՀԾ-ի շուրջ ուղղակի խորհրդակցություններ է անցկացրել գործընկերների հետ։
2015 թ.-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամները և Գերմանիան Իրանի հետ ստորագրեցին ԳՀՀԾ-ն՝ ուղղված Թեհրանի միջուկային մշակումների շուրջ ստեղծված ճգնաժամի հաղթահարմանը: Միացյալ Նահանգների նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թ.-ին որոշում ընդունեց այս համաձայնագրից դուրս գալու վերաբերյալ։ Ամերիկյան վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը քանիցս հայտնել է Վաշինգտոնը միջուկային գործարք վերադարձնելու իր պատրաստակամության մասին։
2021 թ. ապրիլից Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, ԱՄՆ-ն և Ֆրանսիան Վիեննայում բանակցություններ են վարում Իրանի հետ՝ ԳՀՀԾ-ն իր նախնական տեսքով վերականգնելու շուրջ։