Հայկ Մարությանը բացառում է ՔՊ-ի և նախկին իշխանությունների հետ համագործակցությունը
«Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի առաջնորդությամբ մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին, չի համագործակցելու իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նախկին իշխանությունների հետ։
Այս մասին «Ֆակտոր»-ին տված հարցազրույցում ասել է Հայկ Մարությանը։
«Ակնկալում ենք, որ մեր քաղաքական ուժը 50+1 տոկոս ձայն է հավաքելու ու միանգամից կազմելու է քաղաքային իշխանություն, իսկ եթե ոչ, ապա մեր դիրքորոշումը հետևյալն է՝ չենք համագործակցելու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և նախկին իշխանությունների հետ։ Մնացած տարբերակները քննարկելի են»,- ասաց Մարությանը։
2023 թվականի սեպտեմբերի 17-ին նշանակված Երևանի ավագանու ընտրությունների համար առաջադրվել են 13 կուսակցություն և 1 դաշինք։
Ընտրություններին մասնակացում են «Հայաստանի եվրոպական», «Ժողովրդավարական համախմբում», «Քաղաքացիական պայմանագիր», «Հանուն սոցիալական արդարության», «Ուժը հայրենյաց», «Հանրային ձայն», «Ազգային առաջընթաց», «Հաղթանակ», «Ապրելու երկիր», «Հանրապետություն», «Միացյալ Հայաստան», «Արդար Հայաստան», «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները և «Մայր Հայաստան» (կազմում՝ «Երկիր ծիրանի» և «Ինտելեկտուալ Հայաստան» կուսակցությունները) դաշինքը։
Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է օգոստոսի 23-ին և շարունակվելու է մինչև սեպտեմբերի 15-ը։ Քվեարկության նախորդ օրը՝ սեպտեմբերի 16-ին, ինչպես նաև քվեարկության օրը, քարոզչությունն արգելվում է։