Ռուսաստանում ԱՄՆ հյուպատոսարանի նախկին աշխատակցին մեղադրել են լրտեսության մեջ
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) ԱՄՆ հյուպատոսության նախկին աշխատակցին մեղադրել է ԱՄՆ-ի օգտին լրտեսություն անելու մեջ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, ՌԴ ԱԴԾ-ն մեղադրանք է առաջադրել Վլադիվոստոկում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության նախկին աշխատակցին՝ «հատուկ ռազմական գործողության ընթացքի վերաբերյալ ԱՄՆ-ի համար տվյալներ հավաքելու համար»։
«Անվտանգության դաշնային ծառայությունը խափանել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան իրազեկիչ, Վլադիվոստոկում ԱՄՆ գլխավոր հյուպատոսության նախկին աշխատակից և ՌԴ քաղաքացի Ռոբերտ Ռոբերտի Շոնովի անօրինական գործունեությունը, նրան մեղադրանք է առաջադրվել ՌԴ Քրեական օրենսգրքի 275.1 հոդվածով հանցագործություն կատարելու համար (օտարերկրյա պետության հետ համագործակցություն գաղտնի հիմունքներով)», - ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ ԱԴԾ-ի՝ «2022 թվականի սեպտեմբերից մինչև ձերբակալման պահը Շոնովը նյութական պարգևատրման դիմաց կատարել է Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան քաղաքական բաժնի աշխատակիցների՝ Ջեֆրի Սիլինի և Դեյվիդ Բերնստայնի առաջադրանքները՝ տեղեկություններ հավաքելով հատուկ ռազմական գործողության ընթացքի, Ռուսաստանի մարզերում զորահավաքի գործընթացների, խնդրահարույց պահերի և բնակչության բողոքի գործողությունների վրա դրանց ազդեցության գնահատման վերաբերյալ՝ 2024 թվականին Ռուսաստանի Դաշնությունում նախագահական ընտրությունների նախաշեմին»:
ԱԴԾ-ում նշել են, որ նախատեսում են հարցաքննել Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան վերոնշյալ աշխատակիցներին։
Ինչպես նշում է Associated Press գործակալությունը, Շոնովի ձերբակալության մասին հայտնի է դարձել մայիսին, սակայն ՌԴ իշխանություններն այդ ժամանակ որևէ մանրամասն չէին հաղորդել։ ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել էր Շոնովի ձերբակալությունը։