Լաչինի միջանցքը փակ պահելով՝ Ադրբեջանը բացահայտ անարգանք է դրսևորում Արդարադատության միջազգային դատարանի որոշումների նկատմամբ. ՀՀ ԱԳ նախարար
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն օգոստոսի 28-ին Սլովենիայում հանդիպում է ունեցել Կորեայի Հանրապետության ԱԳ նախարար Պակ Չինի հետ:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունից, զրուցակիցները քննարկել են երկկողմ օրակարգն ընդլայնելու և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունները՝ պատրաստակամություն հայտնելով քայլեր ձեռնարկել առկա ներուժն առավել արդյունավետ իրացնելու ուղղությամբ:
Որպես համագործակցության հեռանկարային ուղղություններ մատնանշվել են մասնավորապես առևտրատնտեսական, գիտական, կրթական, մշակութային, ինչպես նաև նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտները: Այս համատեքստում կարևորվել է Կորեայի Միջազգային համագործակցության գործակալության հետ հաստատված արդյունավետ փոխգործակցության ընդլայնումը:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության հարցերին:
Արարատ Միրզոյանը գործընկերոջն է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի՝ արդեն 8 ամսից ավել շարունակվող ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամի մանրամասները՝ ուշադրություն հրավիրելով սննդի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակասի պայմաններում հատկապես խոցելի խմբերի՝ երեխաների, կանանց, տարեցների և խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց համար ստեղծված ծանրագույն մարտահրավերներին:
ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանն իր գործողություններով ոչ միայն կոպտորեն խախտում է միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների հիմնարար դրույթները, այլև Լաչինի միջանցքը փակ պահելով՝ բացահայտ անարգանք է դրսևորում Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների նկատմամբ:
Վերահաստատելով Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման հարցում հայկական կողմի հանձնառությունը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ պաշտոնական Բաքուն իր գործելաոճով խոչընդոտում է այդ ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության ջանքերին: