«Զվարթնոց» արգելոց-թանգարանում տեղի է ունեցել «Եվրոպական ժառանգության օրերի» փակման արարողությունը
«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում տեղի է ունեցել «Եվրոպական ժառանգության օրերի» փակման պաշտոնական արարողությունը։ Այդ մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:
Միջոցառումներին հետևել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և եվրոպական մի շարք երկրների դեսպանատների ներկայացուցիչներ։ Ծրագրի շրջանակում անցկացվել է «Արի խաղանք ավանդական խաղեր» խորագրով մասնակցային խաղ-փառատոնը։ Փառատոնի շրջանակում ՀՀ ազգային փոքրամասնությունները, այդ թվում՝ եզդիներ, իրանցիներ, ասորիներ, լեհեր, հայկական «Վարք հայոց», «Մասունք» ավանդական երգի-պարի խմբերը թե՛ առանձին տաղավարներում, թե՛ համապատասխան հարթակներում, ներկայացրել են ազգային խաղերը և դրանց առանձնահատկությունները, կազմակերպել խաղ-մրցույթներ։
Նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը հետևել են խաղերին, շրջել տաղավարներում։ Նախարարը հետաքրքրվել է դրանց պատմությամբ, ծագմամբ և զարգացմամբ։ Ժաննա Անդրեասյանը դրական է գնահատել «Եվրոպական ժառանգության օրերին» ազգային ավանդական խաղերի անցկացումը՝ ընդգծելով դրանք հանրային ավելի լայն շերտերին հասանելի դարձնելու, մասսայականացնելու անհրաժեշտությունը՝ առանձին փառատոների կազմակերպմամբ։
ԿԳՄՍ նախարարի գնահատմամբ՝ «Եվրոպական ժառանգության օրերը» հիանալի առիթ է բազմաբնույթ միջոցառումների միջոցով ևս մեկ անգամ ծանոթանալու հազարամյակների պատմություն ունեցող մեր մշակութային ժառանգությանը: Նա կոչ է արել բոլորին իրենց ներկայությամբ ու մասնակցությամբ մեկ անգամ ևս արժևորել մեր մշակութային ժառանգությունը և ներդրում ունենալ այն պահպանելու ու դարերի հավերժությանը փոխանցելու նվիրյալ գործում: Նախարարն այցելել է նաև թանգարան, ծանոթացել պայմաններին և խնդիրներին, տեղում քննարկել հնարավոր լուծումները։ Նշենք, որ պետական աջակցությամբ ամբողջությամբ վերանորոգվել է թանգարանի վնասված տանիքը։ Երեկոն ամփոփվել է Երևանի մնջախաղի պետական թատրոնի «Խաղ» ներկայացմամբ։