Զելենսկին ասել է, որ կցանկանար Ուկրաինայում նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնել
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռուստամարաթոնի եթերում տված հարցազրույցում ասել է, որ կցանկանար 2024 թվականին Ուկրաինայում նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնել, սակայն դրա համար անհրաժեշտ են օրենսդրական փոփոխություններ, միջոցներ գործընկերներից և միջազգային դիտորդներ նույնիսկ առաջնագծում, հաղորդում է «Ուկրաինսկա պրավդա»-ն։
Մեկնաբանելով հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի դիրքորոշումը, թե Ուկրաինայում ընտրությունները պետք է անցկացվեն 2024 թվականին, չնայած պատերազմին, Զելենսկին նշել է, որ անձամբ է խոսել Գրեհեմի հետ։
Ուկրաինայի նախագահը խոստովանել է, որ Ուկրաինայում ընտրությունների հարցը մեկն է այն հարցերից, որոնք կարող են «պառակտել Ամերիկայի Միացյալ Նահանգների աջակցությունը», և փաստարկն այն է, որ ԱՄՆ-ը նույնիսկ պատերազմի ժամանակ ընտրություններ է անցկացրել։
Սակայն նա հիշեցրել է, որ օրենքով արգելված է Ուկրաինայում ընտրություններ անցկացնել պատերազմի ժամանակ։
«Տրամաբանությունն այն է, որ եթե պաշտպանում ես ժողովրդավարությունը, ապա նույնիսկ պատերազմի ժամանակ պետք է մտածել այդ պաշտպանության մասին։ Ընտրությունները պաշտպանության միջոցներից են. Բայց միայն այն չէ, որ պատերազմի ժամանակ, ըստ օրենքի, ընտրություններն արգելված են, դրանք անցկացնելը շատ դժվար է։
Իմ պատասխանը շատ պարզ էր, և ես շատ արագ ձևակերպեցի այն եւ նա շատ գոհ էր:
Եթե մեր խորհրդարանականները պատրաստ լինեն, որովհետև մեզ անհրաժեշտ են օրենսդրության, Ընտրական օրենսգրքի փոփոխություններ, որպեսզի դա արագ անենք:
Ես նաեւ նրան ասացի, որ եթե դուք պատրաստ եք ինձ 5 միլիարդ տալ, քանի որ ես չեմ կարող բյուջեից ուղղակի 5 միլիարդ վերցնել, ինձ թվում է, որ դա այն գումարն է, որն անհրաժեշտ է նորմալ ժամանակ ընտրություններ անցկացնելու համար, բայց պատերազմի ժամանակ չգիտեմ որքան կկազմի. եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները Եվրոպայի հետ միասին մեզ ֆինանսական աջակցություն ցուցաբերեն (այն ժամանակ Ուկրաինան ընտրություններ կանցկացնի - խմբ.)»,- ասել է Զելենսկին:
Ուկրաինայի նախագահը հավելել է, որ Արևմուտքը, առաջին հերթին՝ Եվրոպան, պետք է 7 միլիոն ուկրաինացի փախստականների համար քվեարկության հնարավորություն ստեղծեն, քանի որ Ուկրաինան նման ենթակառուցվածքային հնարավորություններ չունի։ Չի կարելի փախստականներին զրկել ընտրելու իրավունքից.
Զելենսկու խոսքով՝ իրեն դեռ ոչ ոք ցույց չի տվել, թե ինչպես պետք է կազմակերպել ընտրություններ առաջնագծում գտնվող զինվորականների և արտասահմանում փախստականների համար։