Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի, բալետի պարուհի Սվետլանա Ադիրխաևան
86 տարեկան հասակում երկարատև հիվանդությունից հետո մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, բալետի պարուհի, բալետմեյստեր, պարուսույց Սվետլանա Ադիրխաևան, կիրակի «Ինտերֆաքս»-ին հայտնել են Պետական ակադեմիական Մեծ թատրոնից։
Թատրոնից տեղեկացրել են, որ Ադիրխաևայի հրաժեշտի արարողությունը կսկսվի Մեծ թատրոնում օգոստոսի 30-ին՝ ժամը 11:00-ին։
Ինչպես նշել է Մեծ թատրոնի բալետային խմբի ղեկավար Մախար Վազիևը, Ադիրխաևան ամբողջ կյանքում կապված է եղել Մեծ թատրոնի հետ, «նա հավատարմորեն ծառայել է նրան մինչև իր կյանքի վերջին օրերը»։
Ադիրխաևան ծնվել է 1938 թվականի մայիսի 12-ին։ 1946 թվականին ազգային խմբի կազմում ընդունվել է Լենինգրադի պարարվեստի դպրոց, որն այժմ կոչվում է Ա․Յ․Վագանովայի անվան Ռուսական բալետի ակադեմիա։ 1955 թվականին այն ավարտելուց հետո ընդունվել է Չելյաբինսկի օպերայի և բալետի թատրոնի թատերախումբ, իսկ 1958-1960 թվականներին պարել է Օդեսայի օպերայի և բալետի թատրոնում։ 1960 թվականին նա ելույթ է ունեցել Մոսկվայում՝ Հյուսիսային Օսիայի Ինքնավար Սովետական Սոցիալիստական Հանրապետության գրականության և արվեստի տասնամյակի շրջանակներում, որից հետո Մեծ թատրոնից հրավեր է ստացել՝ «Կարապի լիճ» բալետում Օդետ-Օդիլի պարտիան կատարելու համար։
Մինչև 1988 թվականը եղել է Մեծ թատրոնի մենապարուհի։ 1991-1996 թվականներին ամուսնու՝ պարող Ալեքսեյ Զակալինսկու հետ ստեղծել է իր սեփական թատերախումբը՝ «Սվետլանա Ադիրխաևայի բալետի թատրոնը» և եղել նրա գեղարվեստական ղեկավարը։ 1995-2001 թվականներին դասական պար է դասավանդել Նատալյա Նեստերովայի Նոր հումանիտար համալսարանի պարարվեստի ակադեմիայում։
2001 թվականին վերադարձել է Մեծ թատրոն՝ որպես կրկնուսույց ուսուցչուհի։ 2013 թվականից եղել է Մեծ թատրոնի բալետային խմբի գեղարվեստական խորհրդի անդամ։