Կրասնոյարսկի երկրամասում չորս ադրբեջանցի է ձերբակալվել
Կրասնոյարսկի երկրամասի Շարիպովո քաղաքում սպանության և երեք տեղի բնակիչներին ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալվել է չորս ադրբեջանցի, տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ՌԴ Քննչական կոմիտեի երկրամասի և Խակասիայի Հանրապետության պետական քննչական վարչության մամուլի ծառայությանը։
Քննիչների վարկածով, նախօրեին առավոտյան Շարիպովոյի 6-րդ միկրոշրջանում լեզվակռիվ է տեղի ունեցել օտարերկրյա պետության երեք քաղաքացիների և տեղի երեք բնակիչների միջև. Հարբած վիճակում գտնվող կասկածյալները դարպասել են կողքով անցնող աղջկան, իսկ ամուսնական զույգը և նրանց ծանոթը պաշտպան են կանգնել նրան:
«Հետո օտարերկրացիները զանգահարեցին իրենց ընկերոջը, որը ամրաձողեր և երկու շինարարական քլունգ բերեց: (...) Չորս կասկածյալները հարձակվեցին տուժածների վրա և բազմաթիվ հարվածներ հասցրեցին նրանց ամրաձողերով ու քլունգներով։ Կասկածյալներից մեկը հարվածներ է հասցրել իր մոտ եղած դանակով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Դանակից ստացած վնասվածքների հետևանքով 30-ամյա տղամարդը տեղում մահացել է, իսկ 27-ամյա տուժողն ու նրա 25-ամյա կինը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։
Բոլոր չորս կասկածյալները ձերբակալված են։ Նրանց նկատմամբ, կախված յուրաքանչյուրի դերից, քրեական գործեր են հարուցվել ՌԴ ՔՕ 105 (սպանության), 111 (դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելու) և 213 (խուլիգանության) հոդվածներով։
Քննությունը մտադիր է միջնորդել կալանքի համար։