Դիետոլոգը խոսել է քաղցրավենիքից և այլ «վնասակար» մթերքներից հրաժարվելու վտանգների մասին
Դիետոլոգ Քայլի Սակաիդան կարծում է, որ քաղցրեղենից և այլ անառողջ մթերքներից ամբողջությամբ հրաժարվելը միշտ չէ, որ ճիշտ սնվելու գործնական և առողջ մոտեցում է: Shantnews-ի փոխանցմամբ՝ նա Newsweek-ին պատմել է իր դիետայի ռազմավարության մասին:
Սակաիդան դեմ է արտահայտվել ավանդական դիետիկ խորհուրդներին, որոնք կերակուրները բաժանում են անառողջի և առողջարարի: Նա հորդորել է ճաշացանկը կազմելիս կենտրոնանալ դրա հավասարակշռության վրա և կախվածության մեջ չընկնել առանձին մթերքների բաղադրիչներից։
«Եթե դուք, օրինակ, պիցցա եք ուտում, ավելացրեք բանջարեղեն, ինչպիսիք են՝ բուլղարական պղպեղը, սպանախը, սունկը և սմբուկը՝ ձեր սննդակարգում բջջանյութ և սննդարար նյութեր ավելացնելու համար: Եթե հացահատիկ եք ուտում, ապա դրա մեջ կաթ ավելացրեք, որպեսզի ավելի շատ սպիտակուցներ ստանաք»,- խորհուրդ է տվել դիետոլոգը։
Ըստ նրա՝ նույնիսկ քաղցր սոուսով վաֆլիները ոչ մի վնաս չեն պատճառի, եթե դրանք ամեն օր չուտեք և համադրեք սննդարար մթերքների հետ, ինչպիսիք են՝ մրգերը, ընկույզը կամ մածունը:
«Ես չեմ ասում, որ վաֆլիները օբյեկտիվորեն ամենաառողջ ընտրությունն են, կամ որ վաֆլիներն ունեն առողջության ակնառու օգուտներ: Ավելի շուտ, խոսքը վերաբերում է այն փաստին, որ անառողջ մթերքներից ամբողջությամբ հրաժարվելը միշտ չէ, որ գործնական կամ օգտակար է»,-ասել է նա: