Արցախում մարդիկ ոչ թե ժամերով, այլ արդեն օրերով են հացի հերթ կանգնում. ՄԻՊ օգնական
Արցախում մարդիկ ոչ թե ժամերով, այլ օրերով են հարցի հերթ կանգնում։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպանի օգնական Մերի Ասատրյանը։
«Մարդիկ հերթագրվում են ու թե՛ գիշերը, թե՛ ցերեկը անցկացնում հերթերի մեջ։ Ստացվում է` մարդկանց ամբողջ օրն անցնում է հացի խնդիր լուծելու վրա»,– նշեց Ասատրյանը։
Նրա խոսքով` անգամ դեպքեր են եղել, երբ ծնողները երեխաներին են ուղարկում հացի հերթ կանգնելու, նրանք քնում են հերթերի մեջ։ Իսկ տարեցները շատ հաճախ ուղղակի չեն դիմանում, ուշաթափվում են։
Արցախի մարդու իրավունքների պաշտպանի օգնականը տեղեկացրեց նաև, որ Արցախում ալյուրի պաշարները վերջացել են, ու հիմա տեղի իշխանությունները փորձում են ամառվա բերքը հավաքել, չորացնել ու հաց ստանալ։
«Էլեկտրաէներգիայի հովհարային անջատումներն ազդում են նաև հացի փռերի աշխատանքի վրա։ Օրական 6 ժամ հոսանք ենք ունենում, որը բավարար չէ, որպեսզի թխեն այնքան հաց, որ մարդկանց բավականացնի։ Մանկապարտեզների դեպքում, սեզոնայնությամբ պայմանավորված, գյուղերից դեռ հնարավոր է լինում միրգ–բանջարեղեն հայթայթել ու մատակարարել մանկահասակ երեխաներին»,– ընդգծեց Մերի Ասատրյանը։
Նա հիշեցրեց, որ նոր բերքը ոչ միշտ է հաջողվում հավաքել, քանի որ թշնամին թիրախավորված կրակում է բերքահավաք իրականացնող տեխնիկայի և գյուղացիների ուղղությամբ։