Գաստրոէնտերոլոգը նշել է հանգստավայրում աղիքային վարակից պաշտպանվելու ուղիները
Գաստրոէնտերոլոգ Սոֆիա Քարդաշովան թվարկել է հանգստավայրում աղիքային վարակներից պաշտպանվելու ուղիները։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Moslenta.ru»-ն, բժիշկը առաջին հերթին հորդորել է զգույշ լինել, որպեսզի ծովի ջուրը չլցվի բերանը ու քիթը։ «Ծովի ջուրը պարունակում է մեծ քանակությամբ միկրոօրգանիզմներ, և երբ ջրի ջերմաստիճանը բարձրանում է, նրանց թիվը մեծանում է, իսկ դա, իր հերթին, մեծացնում է աղիքային վարակի վտանգը, առավել ևս, երբ մարդիկ պատահաբար ջուրը կուլ են տալիս», - ասել է Քարդաշովան:
Կարևոր է չմոռանալ հատկապես ուտելուց առաջ բանջարեղենը, մրգերը, հատապտուղները և ձեռքերը մանրակրկիտ լվանալ, ինչպես նաև մաքուր պահել խաղալիքներն ու հետևել երեխայի ձեռքերի հիգիենային։
Քարդաշովան խորհուրդ է տվել խմել միայն շշալցված կամ եռացրած ջուր և ուտել վստահելի վայրերում։ Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է ստուգել, թե արդյոք միսը կամ ձուկը բավականաչափ եփված են, և հետևել գնված ապրանքների պիտանելիության ժամկետներին ու պահպանման պայմաններին: