Նիգերում իշխանությունը զավթած ապստամբները Ֆրանսիայի դեսպանից պահանջել են լքել երկիրը
Նիգերում պետական հեղաշրջում իրականացրած ապստամբների առաջնորդները Նիամեյում Ֆրանսիայի դեսպանից պահանջել են լքել երկիրը 48 ժամվա ընթացքում: Al Hadath հեռուստաալիքի տվյալով՝ դեսպանը չի ներկայացել արտաքին գործերի նախարարություն և հրաժարվել է հանդիպել նրանց ներկայացուցիչների հետ:
Իշխանությունը զավթած Հայրենիքի փրկության ազգային խորհրդի ղեկավարի խորհրդականը հայտնել է, որ Նիամեյը արտաքսում է միայն Ֆրանսիայի դեսպանին: Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, թե Նիգերը արտաքսում է նաև ԱՄՆ-ի, Գերմանիայի և Նիգերիայի դեսպաններին։
Ֆրանսիայի արտգործնախարարությունն արձագանքել է Նիգերում իշխանությունը զավթած խմբավորման պահաջին։ Գերատեսչությունից նշել են, որ ապստամբներն իրավունք չունեն Ֆրանսիայի դեսպանից պահանջել լքել Նիգերը․ դեսպանին ագրեման տրամադրում են բացառապես Նիգերի օրինական իշխանությունները։
Հեղաշրջումից հետո Նիամեյում ձևավորված Հայրենիքի փրկության ազգային խորհրդի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել էր, որ Նիգերում իրավիճակն ապակայունացնում է Ֆրանսիան, որը ցանկանում է օգտագործել այդ երկրում տեղակայված իր զորախումբը։ Նիամեյում հակաֆրանսիական ցույցեր էին տեղի ունեցել։ Ավելի վաղ ապստամբները մեղադրել էին Ֆրանսիային նաև աֆրիկյան երկրի օդային տարածքը խախտելու համար։ Փարիզը հերքել է ներկայացված մեղադրանքները: