Ուկրաինան և Կանադան բանակցություններ են անցկացրել Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու շուրջ
Ուկրաինան և Կանադան բանակցություններ են անցկացրել Կիևին անվտանգության երաշխիքներ տրամադրելու շուրջ: Քննարկումների արդյունքներով կարող են երկկողմ համաձայնագիր ստորագրվել:
Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրիյ Երմակը տեղեկացրել է, որ Կիևը անվտանգության երաշխիքների հարցով բանակցություններ է վարում նաև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հետ: Ուկրաինայի իշխանությունները հուսով են, որ եվրոպական երկրների հետ առաջին երկկողմ համաձայնագրերը կհաջողվի ստորագրել մինչև այս տարվա վերջ։
Ամռանը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Յոթի խմբի՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ճապոնիայի, Իտալիայի և Կանադայի ղեկավարները շրջանակային փաստաթուղթ են համաձայնեցրել, որը պայմանականորեն կոչվում է «անվտանգության երաշխիքների մասին» հռչակագիր:
Ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ երկրները պետք է տարբեր ոլորտներում աջակցություն տրամադրեն Կիևին, այդ թվում հզորացնեն Ուկրաինայի ռազմական ներուժը: Շրջանակային հռչակագրին միանալու մասին է հայտարարել արդեն 20-ից ավելի երկիր։