Հակոբ Սիմիդյանը Կանադայում է՝ մասնակցելու Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը 2023 թվականի օգոստոսի 21-28-ը գործուղվել է Կանադա (Վանկուվեր)՝ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանին և հարակից հանդիպումներին, ներառյալ նախարարական նիստերին մասնակցելու նպատակով։
Ասամբլեան ԳԷՀ-ի բարձրագույն կառավարման մարմինն է, որը չորս տարին մեկ անգամ հրավիրում է անդամ երկրների ներկայացուցիչներին՝ ամփոփելու անցած ձեռքբերումները և մեկնարկելու նոր գործառնական շրջանը:
Այս տարի ԳԷՀ-ի ասամբլեան համախմբել է 1500 մարդ ամբողջ աշխարհից՝ ներառյալ բնապահպանական առաջնորդների և կառավարիչների, կառավարությունների, բիզնեսի, գիտական հատվածի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների։
Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի յոթերորդ ասամբլեայի նստաշրջանի մասնակից 185 երկրների ներկայացուցիչներ Կանադայում համաձայնեցին ստեղծել նորարարական նոր հիմնադրամ կենսաբազմազանության համար, որը ֆինանսավորում կներգրավի կառավարություններից, նվիրատվություններից և մասնավոր հատվածից:
Կենսաբազմազանության նոր գլոբալ շրջանակային հիմնադրամը (GBFF) նախագծված է մոբիլիզացնելու և արագացնելու ներդրումները հանուն վայրի տեսակների և էկոհամակարգերի պահպանության և կայունության, որոնց առողջությունը վտանգված է անտառային հրդեհների, ջրհեղեղների, անոմալ եղանակային պայմանների և մարդկային գործունեության արդյունքում։
Նոր հիմնադրամը, որը վավերացվել և գործարկվել է Վանկուվերում արդեն ունի նախնական ներդրումներ ՝200 միլիոն կանադական դոլար Կանադայից և 10 միլիոն ֆունտ ստերլինգ Միացյալ Թագավորությունից:
ԳԷՀ-ն ընտրվել էր նոր հիմնադրամը կառավարելու համար Կենսաբազմազանության վերաբերյալ COP15 կոնվենցիայի գագաթնաժողովում 2022 թվականի դեկտեմբերին, իսկ նրա կառավարող խորհուրդը հաստատել է դրա ծրագրերը 2023 թվականի հունիսին Բրազիլիայում:
Հիմնադրամի ռեսուրսների 20 տոկոսը կաջակցի կենսաբազմազանությունը պաշտպանելու և պահպանելու նախաձեռնություններին: Այն նաև առաջնահերթություն է տրամադրելու զարգացող փոքր կղզի պետություններին և քիչ զարգացած երկրներին, որոնք կստանան հիմնադրամի միջոցների ավելի քան մեկ երրորդը: