Հերթերը հասան մարզեր. հարցը չի լուծվում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ամիսներ առաջ ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունը եւ տարածքային անձնագրային ծառայություններն աշխատում էին գերծանրաբեռնված ռեժիմով, ինչը պայմանավորված էր մի շարք գործոնների միաժամանակյա առկայությամբ, մասնավորապես՝ աճում էին ինչպես մեր հայրենակիցների կողմից հանգստանալու նպատակով արտերկիր մեկնելու համար անձնագիր ձեռք բերելու, դրանում օտարերկրյա պետություններում վավերականության նշում կատարելու համար դիմելու դեպքերը, այնպես էլ օտարերկրյա պետություններից Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների կողմից անձնագիր ստանալու, փոխանակելու դիմումները։
Բացի այդ, նշվում է, որ անհամեմատ շատացել են նաեւ ՀՀ քաղաքացու անձնագիր ստանալու համար ներկայացվող դիմումները: Կուտակումներից խուսափելու համար անձնագրայիններում անցան էլեկտրոնային սպասարկման: Թվում էր, թե այսքանով խնդիրը լուծված է, սակայն ավելի ուշ առաջացավ մեկ այլ խնդիր: Հերթերի կուտակումները մայրաքաղաքից տեղափոխվեց մարզեր: Պատճառը հերթերի ուշ հասնելն ու համակարգի թերի վիճակն էր: Երեւանից քաղաքացիները տեղափոխվում էին մարզերի անձնագրայիններ՝ «հայավարի» իրենց գործարքը կատարելու համար:
«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության հետ՝ ճշտելու, թե ինչ լուծում են նախատեսում այս դեպքում:
«Յուրաքանչյուր հերթագրման համար ամենաքիչը տրամադրվում է 7, ամենաշատը՝ 25 րոպե՝ կապված ծառայության բովանդակությունից: Օրինակ՝ ելքի կնիք տրվում է 7 րոպեում, իսկ անչափահասի անձնագրավորում՝ 25»:Մեզ նաեւ տեղեկացրին, որ, իհարկե, այժմ հերթերը մայրաքաղաքում բեռնաթափվել են, սակայն անձնագրայինների աշխատանքի արդյունավետությունը դեռեւս քննարկման ու գնահատման փուլում է, քանի որ վիրտուալ հերթերը ձգվում են շաբաթներ շարունակ:
«Եկող շաբաթվանից սկսած՝ ավելացվելու է նոր գործիքակազմ, որը ավելի արդյունավետ կդարձնի հերթագրումների համակարգը: Հաշվի առնելով, որ, օրինակ, լիազորված անձը կարող է միանգամից տասնյակ մարդկանց համար հերթագրվել եւ գալ գործարք կատարելու, թողել ենք այդ հնարավորությունը, բայց նաեւ կան քաղաքացիներ որոնք չարաշահում են սա եւ հերթագրվում են մի քանի անգամ միեւնույն գործարքի համար այն նպատակով, որ երբ հարմար լինի, այդ օրն էլ մոտենան։
Մենք լիազորված անձանց համար այլ լուծում ենք մտածել, մնացածի համար սահմանափակում ենք դրել: Յուրաքանչյուր քաղաքացի կունենա մեկ անգամ հերթագրվելու հնարավորություն, եւ եթե չի կարողանա այդ օրը ներկայանալ, ստիպված կլինի եւս մեկ անգամ հերթագրվել, այսինքն՝ միաժամանակ երեք տարբեր անձնագրայիններում երեք տարբեր օրեր պահել անձնագրավորման համար չի կարողանա»:
Վարչությունից տեղեկացրին նաեւ, որ նոր գործիքներ են մտածվել՝ հերթագրումը չեղարկելու հետ կապված: Մասնավորապես՝ քաղաքացիների՝ հերթագրումը չեղարկելու դեպքում այդ տեղերը կազատվեն, եւ այլ քաղաքացիներ հնրավորություն կունենան չեղարկված տեղերում հերթագրվելու: Եթե, օրինակ, քաղաքացին, անընդհատ թարմացնելով, տեսնում է, որ մոտակա հասանելի օր կա, կարող է հերթագրվել: Բացի սա, կա նաեւ ձեռքով կարգավորում։ Սա իրենից ենթադրում է հետեւյալը. եթե քաղաքացու գործարքը հրատապ է, եւ այդ հրատապությունը հինավորված է որեւէ փաստաթղթով , օրինակ՝ կա պլանավորված ճամփորդություն, եւ ավիատոմսերը գնված են, դրանք եւս իրականացվում են արտահերթ սպասարկումով: Այս հրատապությունը եւս ունի իր կատեգորիաները՝ առողջական խնդիրներ, հաշմանդամներ, տարեցներ եւ այլն: Այսինքն՝ ինչ-որ կարգավորումներ այժմ ձեռքով են արվում, մինչեւ կավտոմատացվեն:
Հարցին, թե արդյոք այս համակարգը չի պարունակում կոմերցիոն գործարքների հավանական ռիսկեր, տեղեկացրին, որ գործիքակազմը երկար թեստավորվելու է, որպեսզի «հերթ վաճառելու» ռիսկերից խուսափեն։ Ավելի կոնկրետ արվելու է ամեն բան, որ չեղարկված հերթը ավելի ուշ երեւա օնլայն համակարգում, որպեսզի գործարքներ չկատարվեն: Հետագայում մարզերում եւս կարող են անցնել հերթագրման օնլայն համակարգի:
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: