Ամենահարուստը ՔՊ-ն է. ինչ են հայտարարագրել ավագանու ընտրությունների մասնակից ուժերը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Սեպտեմբերի 17-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին մասնակից 14 ուժերն արդեն Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել իրենց հայտարարագրերը։
14 ուժերից ամենահարուստը «Քաղաքացիական պայմանագիր»-ն է։ Տիգրան Ավինյանին որպես քաղաքապետի թեկնածու ներկայացրած կուսակցությունն ունի 45 անշարժ գույք Երեւանում եւ մարզերում, որոնք բոլորը վարձակալված են։ Հետաքրքիր է, որ այս կուսակցության ամենամեծ գրասենյակը գտնվում է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում՝ 1050 քառակուսի մետր տարածքով։ Իսկ Երեւանի Հանրապետության փողոցում գտնվող վարչական շենքի մակերեսը 843 քմ է։ Բացի այս անշարժ գույքերից, ՔՊ-ն ունի նաեւ շարժական գույք՝ «Տոյոտա Տակոմա» մակնիշի։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամական միջոցները կազմում են 424 մլն դրամ, եկամտի աղբյուր են հանդիսանում կուսակցության անդամների անդամավճարներն ու նվիրատվությունները, որոնք մեկ տարվա ընթացքում կազմել են 586 մլն դրամ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Դավիթ Խաժակյանն է, միայն մեկ անշարժ գույք ունի՝ Բաղրամյան 1 հասցեում գտնվող։ Կուսակցության դրամական միջոցները կազմում են 43 հազար դրամ եւ 668 եվրո, իսկ մեկ տարվա եկամուտն էլ 2 մլն 684 հազար դրամ է եղել, որը գոյացել է անդամավճարներից։
Իսկ, ահա, «Ազգային առաջընթաց» կուսակցությունը, որի ցուցակը գլխավորում է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը, ըստ հայտարարագրի, ո՛չ գույք ունի, ո՛չ եկամուտ, իսկ դրամական միջոցներն էլ 15 հազար դրամ է կազմել։
Չնայած «Ապրելու երկիր» կուսակցությունը ևս շարժական կամ անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն ունի դրամական միջոցներ եւ եկամուտ։ Մանե Թանդիլյանին որպես քաղաքապետի թեկնածու ներկայացրած կուսակցությունն ունի 481 հազար դրամ, իսկ, որպես նվիրատվություն, ստացել է 30 մլն դրամից ավելի գումար։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: