Կոկորդի ցավը երբեմն կարող է մահացու վտանգի ազդանշան լինել
Կոկորդի ցավի ամենատարածված պատճառը վիրուսային վարակն է, սակայն երբեմն այդ ցավը կարող է մահացու վտանգի ազդանշան լինել:
The Sun-ը գրում է, որ կոկորդի ցավը կարող է վկայել պարատոնզիլյար աբսցեսի մասին, որը բնութագրվում է նշիկների մոտ թարախի կուտակմամբ եւ կարող է չափազանց վտանգավոր լինել։ Դրա չափի մեծացումը հանգեցնում է շնչուղիների անցանելիության խանգարմանը եւ շնչառության դժվարացմանը։
Կոկորդի ցավը կարող է նաեւ լինել կոկորդի քաղցկեղի առաջին նշաններից մեկը՝ ըստ օտոլարինգոլոգ եւ լարինգոլոգ Օմիդ Մեհդիզադեի: Նրա խոսքով՝ եթե ուռուցքն աճում է կոկորդի մի կողմում, ապա ցավը կարող է լինել միայն այդ կողմում։ Կոկորդի այտուցի այլ ախտանիշներից են հազը, ձայնի փոփոխությունները կամ դժվարացած կուլ տալը։ Միայն բժիշկը կարող է ախտորոշել կամ բացառել նորագոյացությունը, հետեւաբար, եթե առկա են այս ախտանիշները, պետք է անհապաղ դիմել մասնագետի:
Կոկորդի ցավը կարող է լինել COVID-19-ի ամենատարածված ախտանշաններից մեկը ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված մարդկանց մոտ, ըստ ZOE Covid Symptom Study կորոնավիրուսային ախտանիշների հավելվածի: Ըստ հետազոտության հեղինակներից մեկի՝ Թիմ Սպեկտորի, COVID-19-ի ժամանակ կոկորդի ցավը տարբերվում է այն ցավից, որը նախկինում զգացել են պացիենտները։ Օրինակ, դա կարող է առաջանալ այլ հատվածում։
Կոկորդի ցավը կարող է լինել նաեւ գրիպի ախտանիշ: Այս վարակիչ հիվանդությունը կարող է մահացու լինել տարեց մարդկանց կամ ռիսկի խմբի այլ մարդկանց համար: Երկարատեւ կոկորդի ցավի դեպքում մասնագետները խորհուրդ են տալիս խորհրդակցել բժշկի հետ, փոխանցում է Mediahub-ը։