ՀՀ եւ ՌԴ նախարարները հավանություն են տվել ԵԱՏՄ զբոսաշրջության ամենամյա համաժողովի գաղափարին
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում օգոստոսի 25-ին տեղի է ունեցել գործնական նախաճաշ Հայաստանի եւ Ռուսաստանի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի եւ ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովի մասնակցությամբ։ Այս մասին տեղեկանում ենք Էկոնոմիկայի նախարարությունից։
«Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրաշրջանառությունը դինամիկ աճում է եւ առաջին յոթ ամիսների համար կազմել է 3,7 մլրդ դոլար, որից 2 մլրդը Հայաստանից արտահանում է, իսկ 1,7 մլրդը Ռուսաստանից ներմուծումն է, ինչը 70 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշները։ Մենք տեսնում ենք, որ մեր հնարավորություններն ավելին են, եւ մտադիր ենք էլ ավելի զարգացնել մեր համագործակցությունը տնտեսության տարբեր ճյուղերում»,- իր խոսքում նշել է Վահան Քերոբյանը։
Մաքսիմ Ռեշետնիկովը նշել է, որ այսօր Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ աճում է ոչ միայն առեւտուրը, այլեւ փոխադարձ ներդրումները եւ հետաքրքրությունները․
«Բիզնեսը, հավանաբար, ամենից լավ հասկանում է բացված հնարավորությունների պատուհանը, հատկապես հաշվի առնելով ռուսական եւ հայկական բիզնեսի երկար ու խորը կապերը», -հավելել է ՌԴ տնտեսական զարգացման նախարարը։