Անհեթեթություն է. նախագահականը` Պրիգոժինի մահվան կապակցությամբ Պուտինին ցավակցելու մասին
Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աղասի Մարգարյանն անհեթեթություն է որակում ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին վերագրվող ցավակցական ուղերձն ուղղված ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին` «Վագներ» ռազմականացված խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինի մահվան հետ կապված։
Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց նախագահի աշխատակազմի պաշտոնյան։ «ՀՀ նախագահի բոլոր ուղերձները, ելույթները, շնորհավորանքներն ու ցավակցությունները հրապարակվում են Հանրապետության նախագահի պաշտոնական կայքում»,- հավելեց նա։
Նշենք, որ երեկվանից Ֆեյսբուք սոցիալական ցանցում տարածվում է մի սքրինշոթ, ըստ որի՝ Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Պուտինին «ՌԴ հերոս Պրիգոժինի անժամանակ մահվան կապակցությամբ և հույս հայտնել, որ մեղավորները կպատժվեն»։