Ղրղզստանի իշխանությունները կփակեն մզկիթները
Ղրղզստանի բոլոր մզկիթները, որոնք չեն անցել սանիտարական ստուգում, կփակվեն: Այս մասին հայտնել է հանրապետության Ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունը, գրում է EADaily-ն։
Գործակալության տվյալներով՝ կրոնական հաստատությունների ստուգումն իրականացվում է Կրոնական ոլորտում պետական քաղաքականության հայեցակարգի իրականացման շրջանակում։
Դրա համար ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որի կազմում ընդգրկված են տարածքային իշխանությունների, Ներքին գործերի, Արտակարգ իրավիճակների նախարարությունների, «Կադաստր» պետական հիմնարկի, Պետական սանիտարահամաճարակային վերահսկողության ներկայացուցիչներ և այլն։
Որոշ մզկիթներում հայտնաբերվել են խախտումներ, մասնավորապես՝ հակահրդեհային անվտանգության կանոնների և սանիտարահիգիենիկ նորմերի չպահպանման հետ կապված։
«Առաջիկայում հանրապետական մակարդակով ստուգում կկազմակերպվի։ Վարակիչ հիվանդությունների հնարավոր առաջացման և տարածման հետ կապված բացասական հետևանքները կանխելու համար կփակվեն չափանիշներին չհամապատասխանող մզկիթները»,- ասվում է Ազգային անվտանգության պետական կոմիտեից։