Վարդանյան եղբայրները հանդես կգան կրկեսային մեծ շոու-ծրագրով
Կրկեսային մեծ շոու-ծրագրով սեպտեմբերի 2-ին և 3-ին առաջին անգամ Հայաստանում կլինեն Վարդանյան եղբայրներն՝ ուժային ակրոբատներ Գևորգ և Անդրանիկ Վարդանյաններն, ովքեր առավել հայտնի դարձան 2017 թվականին Ռուսաստանում կայացած «Минута славы» նախագծում հաղթելուց հետո։
Աշխարհի բազմաթիվ երկրներում ներկայանալուց զատ՝ եղբայրները որոշել են հատուկ նախագիծ պատրաստել հայաստանյան ցուցադրությունների համար։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ծրագրում լինելու են խմբակային ձեռնածուներ, ծաղրածու, տրապիզիստներ, լարախաղաց ակրոբատ, անվաչմուշկներ, դանակ նետողներ, աճպարար.
«Հավաքեցինք թիմ, որի հետ կկարողանայինք պատրաստել բոլոր այն համարները, որոնք բնորոշ են ավանդական կրկեսին։ Լինելու են շատ բարդ ու վտանգավոր համարներ, էքստրիմ շոու, որի մասին պատմելը, նկարագրելը փոքր-ինչ դժվար է, ավելի լավ է մեկ անգամ տեսնել։ Ծրագրել ենք այնպիսի ցուցադրություն, որը հետաքրքիր ու գրավիչ կլինի ոչ միայն փոքրերի համար, այլև մեծերի»,- ասում է Անդրանիկ Վարդանյանը։
Կրկեսային ցուցադրությունները լինելու են Հրազդան մարզադաշտին կից նախատեսված տարածքում։ Անդրանիկ Վարդանյանը նշում է, որ իրենց շոուների համար հենց այդպիսի մեծ տարածք է անհրաժեշտ, և իրենց փնտրածների մեջ սա ամենահարմարն է եղել շրջիկ կրկեսի ձևաչափն ապահովելու համար։ Այժմ այնտեղ ընթանում են նախապատրաստական աշխատանքները, որպեսզի լավագույնս ներկայանան պրեմիերային։
Եղբայրներն անկեղծանում են՝ իրենք խախտել են ֆիզիկայի բոլոր կանոններն՝ այս ժանրում հանդես գալու համար, քանի որ իրենց կազմվածքը, հասակն ու քաշը լիարժեք չեն համապատասխանում ուժային ակրոբատիկայի սահմանված չափանիշներին։ Սակայն մասնագիտության հանդեպ մեծ սերն ու հետաքրքրությունը ստիպել են առաջ շարժվել ու անել գրեթե անհնարինը։ Նկատում են՝ ժամանակակից աշխարհում շատ քչերն են հետաքրքրված այս ժանրով, իսկ իրենք միտք ունեն ստեղծել նոր նախագծեր ու զարգացնել իրենց սիրելի ուղղությունը։