Ֆինլանդիան 94 մլն եվրոյի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
Ֆինլանդիայի կառավարությունը պատրաստվում է Ուկրաինային ուղարկել ռազմական օգնության 18-րդ փաթեթը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:
«Մատակարարվող ռազմական տեխնիկայի արժեքը կկազմի շուրջ 94 միլիոն եվրո», - հայտնել է հանրապետության կառավարությունը։
Այսպիսով, Ֆինլանդիայի կողմից ցուցաբերվող ողջ օգնության ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 1,3 միլիարդ եվրո։
Օգնության և մատակարարումների ժամանակացույցի ստույգ բովանդակությունը, անվտանգ առաքում ապահովելու նկատառումներից ելնելով, չի հրապարակվում:
Օգոստոսի 23-ին Ուկրաինա կատարած այցի ընթացքում Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին խոստացել էր, որ իր երկիրն առաջիկայում որոշում կընդունի ռազմական օգնության նոր փաթեթի վերաբերյալ։
«Հրետանին, զինամթերքը և հակաօդային պաշտպանության միջոցները, մասնավորապես, այժմ կենտրոնական տեղ են զբաղեցնում Ուկրաինայում: ՀՕՊ-ն Ուկրաինային հարկավոր է այն բանի համար, որպեսզի պաշտպանի ոչ միայն իր քաղաքներն ու քաղաքացիներին, այլև առևտրային ուղիները, ինչպիսիք են հացահատիկի բեռնառաքումները Սև ծովում», - նա օգոստոսի 25-ին ասել է իր Ազգային պահպանողական կուսակցության խորհրդարանական խմբակցության նիստում։
Օրպոն նշել է, որ աշնանն Ուկրաինայում ցուցահանդես կանցկացվի պաշտպանական տեխնիկա արտադրողների համար։
«Կոչ եմ անում Ֆինլանդիայի պաշտպանական արդյունաբերության բոլոր օպերատորներին օգտվել այս հնարավորությունից և մասնակցել արտահանման աշխատանքին»,- հորդորել է Օրպոն։