Բյուրականի աստղադիտարանում ստացել են ապացույց ակտիվ աստղերի ժայթքումների և արտահոսքերում խտացումների առաջացման կապի մասին
ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները միջազգային պրակտիկայում առաջին անգամ ստացել են դիտողական ապացույց ակտիվ աստղերի ժայթքումների և արտահոսքերում խտացումների առաջացման միջև կապի առկայության մասին, հայտնում են Գիտությունների ազգային ակադեմիայից։
Ակտիվ աստղերի ժայթքումների և արտահոսքերում խտացումների առաջացման միջև առկա կապը վաղուց էր ենթադրվում, սակայն առաջին անգամ միջազգային պրակտիկայում այն ստացավ դիտողական ապացույց: Այդպիսի ապացույց է հանդիսացել PV Cep էռուպտիվ աստղի արտահոսքում հայտնաբերված նոր խտացումը, որի կինեմատիկ տարիքը համընկնում է այդ աստղի մոտ դիտված պայծառության շեշտակի աճի ժամանակահատվածի հետ:
Ինչպես նշեց Բյուրականի աստղադիտարանի Երիտասարդ աստղային օբյեկտներ բաժնի վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Տիգրան Մաղաքյանը, աստղերի զարգացման վաղ փուլերում դիտվող անկայուն երևույթների հետազոտությունները մեծ հետաքրքրություն են ներկայացնում ոչ միայն պայծառության ժայթքումային փոփոխություններով, այլև այնպիսի զարմանահրաշ արտահայտություններով, ինչպիսիք են աստղային շիթերը։
«Մեր աշխատանքներն ընդգրկում են հետազոտություններ էլեկտրամագնիսական ալիքների լայն սանդղակում և իրականացվել են աշխարհի խոշորագույն դիտակներով, օգտագործվել են առկա բոլոր աստղագիտական շտեմարանները։ Ամենաարժեքավորն այն է, որ խոշորագույն դիտակներով ուսումնասիրվել են օբյեկտներ, որոնք հայտնաբերվել են Բյուրականի աստղադիտարանի 1մ Շմիդտի դասի դիտակով։ Այդ դիտակով հայտնաբերվել են ոչ միայն գերձայնային արտահոսքեր երիտասարդ աստղերից, այլ նաև աստղառաջացման նոր տիրույթներ, ինչպիսին են Mon R1 և Mon R2 աստղասփյուռները, որտեղ աստղառաջացումը շարունակվում է մինչ այժմ։ Հայտնաբերված աստղային շիթերի մանրակրկիտ հետազոտությունները ցույց տվեցին, որ նրանցում դիտվող խտացումներն առաջանում են էպիզոդիկ արտանետումների հետևանքով, ոչ թե հետևանք են նրանցում ընթացող անկյունությունների»,- ասաց Տիգրան Մաղաքյանը։ Ըստ նրա՝ աստղերի զարգացման վաղ փուլերում ընթացող անկայուն երևույթները բնական լաբորատորիաներ են էլեկտրամագնիսական, հիդրոդինամիկական ուսումնասիրությունների համար։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։