Բարդ ճակատագրի տեր մարդ էր. Պուտինը խոսել է Պրիգոժինի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ վաղուց է ճանաչում «Վագների» հիմնադիր Եվգենի Պրիգոժինին, նա բարդ ճակատագրի տեր մարդ է, բայց տաղանդավոր, կյանքում արդյունքների է հասել՝ ոչ միայն իր, այլև ընդհանուր գործի համար։
«Պրիգոժինին ճանաչում եմ վաղուցվանից, 90-ականների սկզբներից։ Նա բարդ ճակատագրի տեր մարդ էր, կյանքում լուրջ սխալներ է թույլ տվել, նաև արդյունքի է հասել և՛ իր համար, և՛ այն ժամանակ, երբ ես խնդրել եմ՝ ընդհանուր գործի համար, ինչպես այս վերջին ամիսներին էր»։ Պուտինը Պրիգոժինի մասին խոսել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Դենիս Պուշիլինի հետ հանդիպման ժամանակ։
Պուտինը նշել է, որ նա տաղանդավոր մարդ էր, տաղանդավոր բիզնեսմեն էր, արդյունավետ գործունեություն էր ծավալել ոչ միայն մեր երկրում՝ Ռուսաստանում, այլև արտասահմանում, մասնավորապես՝ Աֆրիկայում։
«Որքան ինձ է հայտնի, երեկ նա վերադարձել էր Աֆրիկայից, այստեղ որոշ պաշտոնատար անձանց հետ էր հանդիպել»,- նշել է Պուտինը։
Հիշեցնենք՝ երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ Տվերի մարզում կործանվել է Եվգենի Պրիգոժինին պատկանող բիզնես ջեթը, 10 հոգի մահացել է, այդ թվում ինքը։