Ֆրանսիայի գրեթե ամբողջ տարածքում կլիմայական սպառնալիքի բարձր մակարդակ են հայտարարել
Ֆրանսիայի իշխանությունները երկրի մայրցամաքային մասի 96 դեպարտամենտների մեծ մասում կլիմայական սպառնալիքի բարձր մակարդակ են հայտարարել շոգի և ամպրոպների պատճառով:
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է France Info պարբերականից, բարձր ջերմաստիճանն իշխանություններին ստիպել է կլիմայական սպառնալիքի կարմիր՝ առավելագույն մակարդակ հայտարարել 17 դեպարտամենտներում, ևս 39-ում՝ նարնջագույն (նախավերջին):
Որոշ կոմունաներում գերազանցվել է ռեկորդային ջերմաստիճան: Մասնավորապես, Սալենդրի կոմունայում օգոստոսի 23-ին գրանցվել է Ցելսիուսի սանդղակով 44,4 աստիճան, ինչը գերազանցում է 1943 թվականի 44 աստիճանի ռեկորդը։
Բացի բարձր ջերմաստիճանից, օդերևութաբաններին անհանգստացնում են նաև սաստիկ ամպրոպները, որոնք կարող են ուղեկցվել քամու ուժգին պոռթկումներով։ Այդ կապակցությամբ երկրի 25 դեպարտամենտներում հայտարարվել է կլիմայական սպառնալիքի նարնջագույն մակարդակ։
Սպառնալիքի կարմիր մակարդակի դեպքում պրեֆեկտուրաները կարող են սահմանել զանազան սահմանափակումներ: Այդ միջոցներին են վերաբերում, մասնավորապես, զանգվածային և սպորտային միջոցառումների անցկացման արգելքը։ Բացի այդ, գործատուներից պահանջվում է անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովել աշխատակիցների համար: