Եվրասիական տնտեսական միությունը բաց է մնում նոր գործընկերների համար․ ՌԴ վարչապետ
Եվրասիական տնտեսական միությունը բաց է մնում նոր գործընկերների համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ օգոստոսի 24-ին Ծաղկաձորում անցկացվող Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին այս մասին ասաց Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը։
« Եվրասիական տնտեսական միությունը բաց է մնում նոր գործընկերների համար: Մենք քաջ գիտակցում ենք, որ ժամանակակից պայմաններում հատկապես պահանջված է այլ երկրների և տարածաշրջանային միավորումների հետ փոխգործակցության ընդլայնումը, - ասաց Միշուստինը։
ՌԴ վարչապետի խոսքով՝ փոխգործակցության ընդլայնումը թույլ կտա Միության շուրջ ստեղծել իրավահավասար համագործակցության ընդհանուր տնտեսական տարածք, ինչպես նաև առևտրային համաձայնագրերի լայն ցանց։
« Հնարավոր կլինի ավելի արդյունավետ լուծել խոշոր տեխնոլոգիական խնդիրները, ստեղծել արտադրական շղթաներ: Կոչ եմ անում ձեզ ավելի ակտիվ ներգրավվել նման աշխատանքներում», - ասաց նա։
Ծաղկաձորում անցկացվում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը։ Նիստին մասնակցում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ալիխան Սմաիլով և Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը։
Նիստի ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների խորացման հարցերը և սահմանել միության զարգացման ռազմավարական վեկտորները միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։
Կողմերը քննարկեցին նաև ԵԱՏՄ շրջանակներում իրավական մեխանիզմների հետագա կատարելագործումը, այլ երկրների հետ փոխգործակցության առկա ձևաչափերի ամրապնդումը և հավանական գործընկերների հետ կապերի հաստատումը։