Եվս մեկ ցեղասպանություն կարող է իրականացվել հայ ժողովրդի դեմ. Ադամ Շիֆ
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը X սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել՝ ԱՄՆ իշխանություններին կոչ անելով գործել ու վերջ տալ Լեռնային Ղարաբաղի շրջափակմանը։
Ադամ Շիֆն իր տեսաուղերձում ներկայացրել է Արցախում ստեղծված ճգնաժամային իրավիճակը։
Նա հիշատակել է Լաչինի միջանցքի արգելափակման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անցկացված նիստի մասին՝ նշել է, որ դրան ոչինչ չի հետևել։
«Մեզ հարկավոր է բանաձև, որը կպահանջի վերջ դնել միջազգային իրավունքի այս խախտմանը․․․ Եվ ԱՄՆ կառավարությունը, Բայդենի վարչակազմը պետք է շատ ավելին անեն։ Նրանք պետք է Ադրբեջանին զրկեն ռազմական օգնությունից։ Նրանք պետք է այնպես անեն, որ այս անօրինական շրջափակումն ավարտվի»,- ընդգծել է Շիֆը։
Կոնգրեսականն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած պատերազմի մասին՝ հավելելով, որ ադրբեջանական կողմը շարունակում է ռազմագերիներին պահել ապօրինաբար, միջազգային իրավունքի խախտումներով:
Շիֆն ասել է, որ առաջին հերթին պետք է դադարեցնել Լաչինի միջանցքի շրջափակումը։ «Եվս մեկ ցեղասպանություն կարող է իրականացվել հայ ժողովրդի դեմ: Վարչակազմը պետք է գործի», - հավելել է Ադամ Շիֆը: