Քննարկում եղել է, որ պետք է Աղդամի ճանապարհը փորձարկվի, բայց ոչ սնունդ բերվի․ արցախցի պատգամավոր
Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարության նիստում հայտարարեց, թե Հայաստանը հավաստի տեղեկություններ ունի, որ մշակվում են ծրագրեր Լաչինի միջանցքը միակողմանի բացելու, այսինքն՝ ելք թույլ տալու, բայց Լեռնային Ղարաբաղ մուտք թույլ չտալու ուղղությամբ։
Արցախի խորհրդարանի իշխող՝ «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը, Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով Փաշինյանի՝ Բաքվի միայն ելքի ճանապարհի բացման մասին հայտարարությանը, նշեց, որ Ադրբեջանի վերջին 8 ամսվա վարվող քաղաքականությունը հուշում է, որ նրանց նպատակն է տարածաշրջանում էթնիկ զտումներ իրականացնել, և տարածաշրջանն առանց հայերի տեսնելու։
«Բաքուն ուզում է տարածաշրջանը տեսնել առանց հայերի, թե ինչ գործիքակազմ է կիրառելու, ես չեմ կարող ասել։ Բաքուն միայն ելքի ճանապարհը բացելով փորձելու է հայաթափել Արցախը»,- շեշտեց արցախցի պատգամավորը։
Մինչև Փաշինյանի այսօրվա հայտարարությունը հարկ է նկատել, որ ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ օգոստոսի 21-ից Արցախից իրականացվում է ՀՀ բուհերում սովորող ուսանողներին, և ՌԴ քաղաքացիներին Արցախից դեպի Հայաստան տեղափոխումը։
Արայիկ Հարությունյանի թիմակցի խոսքով՝ Արցախից դուրս են գալիս միայն ուսանողները, որոնք սովորում են և ամիսներ շարունակ զրկված են եղել կրթություն ստանալու իրավունքից, ինչպես նաև նրանք, որոնք այս տարի են ընդունվել են հայաստանյան տարբեր բուհեր։
Հարությունյանն ընդգծեց, որ արցախցի ուսանողների Հայաստան տեղափոխման գործընթացը դեռ շարունակվում է։
Նշենք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 22-ին և 23-ին փակ քննարկումներ է անցկացրել պետական, քաղաքական և հանրային տարբեր շրջանակների հետ։ Քննարկվել են Ադրբեջանի կողմից լիակատար պաշարման հետևանքով Արցախում ստեղծված հումանիտար և անվտանգային խնդիրները։
Աղդամի ճանապարհը կբացվի՞, թե՞ ոչ, որևէ որոշում դեռ այս քննարկումների շրջանակներում չի կայացվել, ինչպես հայտնում են արցախի նախագահականից, հարցի վերաբերյալ քննարկումները շարունակվում են։
Արամ Հարությունյանն ասում է՝ իր ունեցած տեղեկություններով, Աղդամից սնունդ բերելու հարց չի քննարկվել։
«Այո՛, քննարկումներ ընթանում էին, որ պետք է Աղդամի ճանապարհը փորձարկվի, բայց ոչ որ այդտեղով սնունդ բերվի։ Քննարկումների բովանդակությունում սնունդ բերելու հարց չի եղել»,- հավաստիացրեց պատգամավորը և պնդեց, որ որևէ որոշում չի ընդունվել։