«Մարդիկ տեսնում են սիրային տեսարան, երբ թռչում է երամը, իսկ ես գերմաներենով բղավում էի վախից». Իվետա Մուկուչյանը՝ նոր տեսահոլովակի մասին
Իվետա Մուկուչյանը լսարանի դատին է հանձնել իր նոր աշխատանքը, որը նվիրված է մայրաքաղաքին՝ Երևանին: Tert.am Life-ի հետ զրույցում երգչուհին պատմել է երգի ստեղծման գաղափարի և տրամադրել BACKSTAGE տեսանյութ և լուսանկարներ:
«5 տարի առաջ ես լսարանի դատին հանձնեցի «Սիրահարվել եմ քեզ» երգն ու տեսահոլովակն ու հասկացա, որ երգի այդ ոճն ու մոտեցումն ինձ ևս հոգեհարազատ են և որոշեցի՝ հասունացել է պահը հենց նման երգով հանդես գալ»,- նշեց երգչուհին:
Իվետա Մուկուչյանը պատմել է՝ ինչպես են նկարահանումներն ընթացել Երևանի հեռուստաաշտարակում:
«Աննկարագրելի քամի էր հեռուստաաշտարակի վրա և նկարահանումներն իրականացնելը շատ վտանգավոր էր, իսկ ես բարձրությունից վախենում եմ: Մարդիկ տեսնում են սիրային տեսարան, երբ թռչում է երամն, իսկ ես գերմաներենով բղավում էի վախից: Աննկարագրելի հույզեր եմ ունեցել, և՛ վախենում էի, և՛ վայելում տեսարանը՝ շնորհակալություն հայտնելով Աստծուն, որ ունեմ նման հնարավորություններ, քանի որ կարծում եմ՝ հեռուստաաշտարակից բացվում է Երևանի ամենագեղեցիկ տեսարաններից մեկը»,- եզրափակեց Իվետա Մուկուչյանը:
Երգի երաժշտության հեղինակը Գուրո Գասպարյանն է, խոսքերը գրել է Գրիգոր Կոկչյանը։ Ռեժիսոր՝ Արեն Բայադյան: