Ճապոնիան սկսել է «Ֆուկուսիմա-1»-ից վերամշակված ռադիոակտիվ ջրի բացթողումն օվկիանոս
Ճապոնիան սկսել է 2011 թ.-ին երկրաշարժի և ցունամիի հետևանքով վթարված «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից վերամշակված ռադիոակտիվ ջրի բացթողումն օվկիանոս։ Դա տեղի է ունենում տեղացի ձկնորսների մտահոգությունների և շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ հարևան երկրների անհանգստության ֆոնին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը։
Ջրի բացթողման գործընթացը սկսվել է տեղի ժամանակով ժամը 13:00-ին մոտ։
Ջրի բացթողումը սկսելու որոշման մասին Ճապոնիայի կառավարությունը հայտարարել էր օգոստոսի 22-ին։ Որոշումն ընդունվել էր, քանի որ ատոմակայանի բաքերը, որոնք այժմ պարունակում են 1,34 միլլիոն տոննա վերամշակված ջուր, արդեն մոտենում են իրենց տարողունակության սահմանին։
Ըստ հրապարակման՝ այդ ջուրն օգտագործվել է կայանի հալված միջուկային վառելիքի սառեցման համար և վերամշակվել է ժամանակակից հատուկ համակարգի միջոցով, որն ունակ է հեռացնել ռադիոակտիվ իզոտոպների մեծ մասը, բացառությամբ տրիտիումի: Ատոմակայանի օպերատոր Tokyo Electric Power ընկերությունում ընդգծել են, որ ջրում տրիտիումի պարունակությունը ջրահեռացումից առաջ հասցվում է Ռադիոլոգիական պաշտպանության միջազգային հանձնաժողովի և Ճապոնիայի կառավարության սահմանած անվտանգության նորմայի մեկ քառասուներորդ մասին:
Ջուրը ստորջրյա թունելով 1 կմ հեռացվելու է ատոմակայանի տարածից՝ նախքան օվկիանոս լցնելը։ Նախատեսվում է ջուրն օվիանոս լցնել փուլ առ փուլ՝ 30 տարվա ընթացքում։
Հուլիսի 4-ին Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը եզրակացրել էր, որ ջրի բացթողման Ճապոնիայի պլանները համապատասխանում են անվտանգության միջազգային չափանիշներին և «աննշան» ազդեցություն կունենան տարածաշրջանի բնակիչների և էկոհամակարգի վրա։
Չնայած այս հավաստիացումներին՝ Հարավային Կորեան և Չինաստանը անհանգստություն են հայտնել հանրային առողջության վրա այս գործընթացի ազդեցության առնչությամբ։ Չինաստանը սկսել է ստուգել ճապոնական ծովամթերքի ճառագայթման մակարդակը։