Ճապոնիան կդադարեցնի ջրի բացթողումը «Ֆուկուսիմայից» ռադիացիոն ֆոնի ավելացման դեպքում
Ճապոնիան խոստացել է ապահովել «Ֆուկուսիմա-1» ատոմակայանից մաքրված ջրի անվտանգ արտահոսքը Խաղաղ օվկիանոս և դադարեցնել այն, եթե ռադիացիոն ֆոնը ավելանա։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ն, այդ մասին հայտնել են Մոսկվայում Ճապոնիայի դեսպանատնից։
Դիվանագիտական առաքելությունն ընդգծել է, որ Ճապոնիան կձեռնարկի անվտանգության բոլոր հնարավոր միջոցները և ջուր չի բաց թողնի, ինչը բացասաբար կանդրադառնա մարդկանց առողջության և շրջակա միջավայրի վրա։ Դիվանագետները պարզաբանել են, որ Տոկիոն ատոմակայանից ջրի բացթողումը սկսելուց հետո ՄԱԳԱՏԷ-ի մասնակցությամբ կշարունակի իրականացնել երեք տեսակի մոնիթորինգ՝ մաքրված ջրի, ծովային տարածքի և իրական ժամանակային ռեժիմում տեղի ունեցող մոնիթորինգ։
Կառավարության և «Tokyo Electric Power» ընկերության կողմից անցկացվելիք ստուգումների արդյունքները կհրապարակվեն ինչպես Ճապոնիայում, այնպես էլ միջազգային մակարդակով, ընդգծել են դեսպանատանը։ Գործընթացին կմասնակցի նաեւ ՄԱԳԱՏԷ-ն՝ որպես անկախ կողմ։