Թուրքիայի պատվիրակության անդամները Պոլսո պատրիարքին ներկայացրել են Համահայկական խաղերից ստացած վառ տպավորությունները
Ստամբուլի կանանց վոլեյբոլի թիմը Համահայկական ամառային 8-րդ խաղերի ավարտից հետո օգոստասի 22-ին հանդիպել է Պոլսո Հայոց Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի հետ։
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի գործկոմի անդամ, Ստամբուլի պատվիրակության ներկայացուցիչ Ալեն Թեք Բիչակը Պատրիարքին ներկայացրել է Հայաստանում անցկացրած օրերի մասին, թե որ մարզաձևերում ինչպես են հանդես եկել մարզիկները։
Վոլեյբոլի թիմի անդամներն իրենց հերթին ներկայացրել են խաղերին իրենց մասնակցությունը ու պատմել, թե ինչ ոգևորություն են ապրել Համահայկական խաղերի ընթացքում։ Պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանն ընդգծել է հայությանը մեկ հարկի տակ միավորող սպորտային կարևոր միջոցառմանը մասնակցելու անհրաժեշտությունը և իր հերթին գոհունակություն հայտնել, որ թուրքահայ համայնքը ևս դրա մասն է կազմել։
«Պատրիարքը շատ ոգևորված ու բավարարված էր, երբ իրեն ներկայացրինք մեր անցկացրած օրերը, պատմեցինք՝ ինչպես են անցել խաղերը ու ինչ կարևոր էին դրանք մեզ համար։ Պատրիարքը ասաց, որ այնպես կանեն, որ հաջորդ խաղերին Թուրքիայից պատվիրակությունն ավելի լայն կազմով մասնակցի Համահայկական խաղերին», - Համահայկական խաղերի կազմկոմիտեի հետ զրույցում տպավորությունները փոխանցել է Ալեն Թեք Բիչակը։