«Հրապարակ». Որոշում է կայացվել Աղդամի ճանապարհով առեւտուր անելու
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն Արցախի Անվտանգության խորհրդի նիստում երեկ տեղեկացրել է, որ որոշում է կայացվել Աղդամի ճանապարհով առեւտուր անելու: Թե ով որտեղ է այն կայացրել, չի մանրամասնել։ Հիշեցնենք, որ հուլիսին Բրյուսելում ԵԽ նախագահ Շառլ Միշելը ողջունեց Ադրբեջանի առաջարկը` ԼՂ-ին հումանիտար միջանցք տրամադրել Աղդամով։ Այդ մասին խոսվեց նաեւ ՄԱԿ-ի ԱԽ նիստում, ինչին ՀՀ իշխանությունները չհակադարձեցին։
Հիմա Արցախի նախագահը հարցը ոչ թե քննարկման է դնում, այլ ներկայացնում է որպես իրողություն։ Քանի որ կանխատեսելի էր, որ այս որոշումը դիմադրություն կառաջացնի, ուստի նախապես էլ կազմակերպվել է աշխարհազորայինների «ակցիան»` Կարեն Մաթեուսյանի գլխավորությամբ: Այս զինված խումբն առաջիկայում, ըստ ամենայնի, կփորձի ապամոնտաժել այդ ճանապարհի վրա դրված արգելապատնեշը։ Արայիկ Հարությունյանը տեղեկացրել է, որ առեւտուրն այդ ճանապարհով լինելու է «մասնակի», այնտեղով կմտնեն շինանյութ, դիզել, դեղորայք, իսկ սնունդը կներկրվի Լաչինով՝ ռուս խաղաղապահների միջոցով, սակայն սա չի նշանակում է, որ Լաչինի ճանապարհը լիարժեք կգործի, արցախցիների շարժը կլինի սահմանափակ։
Հարությունյանը տեղեկացրել է, որ նախատեսված է հաջորդ փուլում քննարկել գազի եւ հոսանքի հարցը, որը եւս ստանալու են Ադրբեջանից։ Նա ներկայացրել է, թե Ադրբեջանն այսպիսով իբր զիջման է գնում եւ դրա դիմաց պահանջում է, որ շահագործվի Աղդամ-Ասկերան-Ստեփանակերտ-Շուշի ճանապարհը: Խոսքն Արցախում հայտնի շրջանցիկ ճանապարհի մասին է, որը տատի-պապիի արձանի տակով է անցնում։ Որոշել են, որ առաջիկայում կրկին կհանդիպեն՝ այդ հարցերը կազմակերպելու համար։ Մեր աղբյուրներն ասում են, որ ԱԽ նիստին մասնակցել է նաեւ Սամվել Բաբայանը, ԱԺ ուժերը մերժել են հրավերը»։
Ամբողջությամբ հոդվածը՝ թերթի այսօրվա համարում: