Անհայտ կորած կինը վեց օր ողջ է մնացել անտառում
ԱՄՆ Ֆլորիդա նահանգի բնակիչը մոլորվել է անտառում և վեց օր ողջ է մնացել այնտեղ։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Bay News 9-ը։
Անու Ավաստին անհետացել է օգոստոսի 10-ին։ Առավոտյան նա գնացել է վարսավիրանոց, որից հետո նրա հետ կապ հաստատել չեն կարողացել։ Անհետացած կնոջ որոնողական աշխատանքներն իրականացրել են նրա ամուսինն ու չափահաս որդիները։ Մի քանի օր անց նրանց միացել են We Are The Essentials ոչ առևտրային կազմակերպության կամավորները:
Որոնումները նրանց հասցրել են ճահճային տարածք։ Այնտեղ կամավորներից մեկը լսել է մեղմ լացի ձայն, գնացել է դեպի ձայնը և սկսել կանչել կորածի անունը։ Քիչ անց նրանք գտել են կնոջը։
Անու Ավաստին շոկային վիճակում էր, տառապում էր ջրազրկումից, իսկ նրա մարմինը ծածկված էր բազմաթիվ միջատների խայթոցների հետքերով։
Տուժածին շտապ տեղափոխել են հիվանդանոց։