Առյուծը հոշոտել է արգելոցի աշխատակցին
Հարավային Աֆրիկայի «Դինոկենգ» արգելոցում առյուծը հարձակվել է աշխատակցի վրա և կտոր-կտոր արել նրան։ Shantnews-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Daily Mirror-ը։
Երեկոյան արգելոցի 30-ամյա աշխատակից Ջոանես Մատշեն որոշել է զբոսնել արգելոցի տարածքում։ Հանկարծ առյուծը հարձակվել է նրա վրա և կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառել։ Հաջորդ օրը Մատշեի գործընկերը գտել է նրա մասունքները։
Արգելոցի ներկայացուցիչ Հարթոգ Ստրեյխերը նշել է, որ աշխատակիցներին խստիվ արգելվում է տեղաշարժվել տարածքով մայրամուտից հետո։ Նա ցավակցություն է հայտնել տղամարդու ընտանիքին և հիշեցրել անվտանգության կանոնների պահպանման անհրաժեշտության մասին։
«Առյուծները գիշերային կենդանիներ են։ Նրանց գործողությունները որոշվում են բնազդներով: Նրանք կարող են մարդուն որպես որս ընկալել»,- ասել է նա։
Այժմ «Դինոկենգի» ղեկավարությունը խորհրդակցում է փորձագետների հետ և որոշում, թե ինչպես վարվել առյուծի հետ հարձակումից հետո։
Ոստիկանությունը հետաքննում է միջադեպը և պարզում, թե ինչու է աշխատակիցը որոշել այդքան կոպտորեն խախտել անվտանգության կանոնները։