Զելենսկին Հունաստանի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայի պաշտպանության կարիքները
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Նիդերլանդներից մեկնել է Հունաստան, որտեղ նրան դիմավորել է երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։
Միցոտակիսի հետ հանդիպումից հետո երկու երկրի ղեկավարները հանդես են եկել մամուլի համար հայտարարություններով։ Միցոտակիսը Զելենսկուն հրավիրել է մասնակցելու Բալկանյան գագաթնաժողովին, որին մասնակցել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:
Միջոցառումներից հետո Ուկրիանայի նախագահը հայտարարել է, որ Հունաստանը ևս պատրաստակամություն է հայտնել վերապատրաստելու Ուկրաինայի ռազմաօդային ուժերի օդաչուներին F-16 ինքնաթիռներ վարելու համար:
Նա Հունաստանի վարչապետի հետ քննարկել է Ուկրաինայի պաշտպանության կարիքները և նշել կոնկրետ բաներ, որոնք կարող են արագացնել, նրա բնորոշմամբ՝ ռուսական ագրեսիայի ավարտը։
Հունաստան մեկնելու ճանապարհին Վոլոդիմիր Զելենսկին ամփոփել է իր այցը հյուսիսային երկրներ՝ Շվեդիա, Նիդերլանդներ, Դանիա: Նա այցը որակել է պատմական Ուկրաինայի համար։ Զելենսկին երախտագիտություն է հայտնել Շվեդիային, Նիդերլանդներին, Դանիայի և ԱՄՆ-ին ռազմական տեխնիկա տրամադրելու պատրաստակամության համար: