Ուկրաինայում հայտնել են Կրիվոյ Ռոգի հրթիռակոծության և Զապորոժիեում ԱԹՍ- ների գրոհների մասին
Ուկրաինայի Կրիվոյ Ռոգ քաղաքում պայթյուն է որոտացել, ինչի պատճառն, ամենայն հավանականությամբ, եղել է ռուսական հրթիռի հարվածը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կրիվոյ Ռոգի ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Վիլկուլն իր Telegram ալիքում հայտնել է, որ հրթիռակոծությունը տեղի է ունեցել առավոտյան ժամը 05։30-ի սահմաններում։
«Վնասվել է ավելի քան 20 առանձնատուն և էներգետիկ ենթակառուցվածքը։ 1953 թվականին ծնված մի տղամարդ թեթև վնասվածքներ է ստացել, նա հրաժարվել է հոսպիտալացումից, ունի դեմքի քերծվածքներ, նրան տեղում ցուցաբերվել է օգնություն», - գրել է նա՝ հավելելով, որ մի քանի հիվանդանոցներ անցել են գեներատորների օգտագործման, սակայն ավելի ուշ էլեկտրամատակարարումը վերականգնվել է։
Գիշերը պայթյուններ են լսվել նաև Զապորոժիեում։ Ըստ տարբեր ԶԼՄ-ների և տեղի իշխանությունների՝ քաղաքի և դրա արվարձանների վրա են արձակվել կամիկաձե դրոններ։ Բնակիչներին կոչ են արել պատսպարվել։
BBC-ի ռուսական ծառայությունը, հղում անելով ռուսական և ուկրաինական կողմերի հաղորդագրություններին, հաղորդում է, որ առաջնագծում իրավիճակն էական փոփոխության չի ենթարկվել։
Իր հերթին ԱՄՆ-ում տեղակայված Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտն իր հերթական տեղեկագիր-վերլուծությունում հայտնել է, որ ուկրաինական կողմը մարտավարական հաջողության է հասել հարավում՝ Ռաբոտինո գյուղի մերձակայքում։ Ըստ վերլուծաբանների՝ ուկրաինական զինվորականները հասել են Ռաբոտինոյի կենտրոնական հատվածին, ինչպես նաև մի քանի վայրերում ճեղքել են ռուսաստանցիների պաշտպանությունը։
Իսկ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն իր երեկոյան տեղեկագրում հայտնել է, որ վերջին մեկ օրվա ընթացքում Կուպյանսկի ուղղությունում հաջողվել է բարելավել դիրքերն առջևի եզրում։